2016 թվականը մոտենում է ավարտին, տարին «փակվում է» դրական տնտեսական աճով, որը հաշվի առնելով տարածաշրջանում առկա տնտեսական իրավիճակը' բավականին խոստումնալից է: Օրինակ վերցնենք մեր ոչ բարով հարևան Ադրբեջանին, որտեղ ռեկորդային գնաճ և կրկին ազգային արժույթի ռեկորդային արժեզրկում է արձանագրվել:
Տնտեսական ծրագրերի և բուն տնտեսումների առումով' անցնող տարին կարելի է համարել շատ արդյունավետ:
Իրանի հետ ազատ առևտրային գոտին ստեղծվեց. ծրագիր, որը նախորդ կառավարությունը նախաձեռնեց, իսկ գործող կառավարությունն ավարտին հասցրեց կարող է շատ մեծ օգուտ տալ մեր տնտեսությանը, քանի որ Հայաստանը կարող է տնտեսական կամուրջ դառնալ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև: Նվազեցին բնական գազի և էլեկտրաէներգիայի գները, հստակեցվեցին մի շարք ոլորտներ: Վիճակախաղերի և շահումով խաղերի ոլորտը համապատասխանեցվեց հարկային նոր օրենսգրքին, բարեփոխվեց ծանուցման համակարգը և այսուհետ պարտավորություններ ունեցող մարդիկ կծանուցվեն կարճ հաղորդագրության կամ էլեկտրոնային փոստի միջոցով: Կատարվեց օրենքի փոփոխություն, որով միակ բնակարանի վրա բռնագանձում չի կայանա: Կառավարության որոշում ընդունվեց, որով անհատ ձեռնարկատերերը ազատվում են եկամտային հարկի և սոցիալական վճարի նվազագույն գումարների գծով հաշվարկված պարտավորությունների վճարումից:
Առանձին պետք է նշեմ օպտիմալացման մասին, որն ուղղակի աննախադեպ էր: Նույնանման գործառույթներ իրականացնող մի շարք պետական մարմիններ վերակազմվորվեցին, եղան այնպիսիք, որոնք' լուծարվեցին: Այս վերակազմավորումներով պետական միջոցների տնտեսումը հասավ միլիոնավոր դրամների, և այդ միջոցները կարող են ծառայել մի շարք սոցիալական ծրագրերի իրականացմանը:
Աննախադեպ էին նաև կառավարություն – հասարակություն հետադարձ կապի և արդյունավետ գործընկերությանը միտված քայլերը: Հրապարակվեցին առանձին ոլորտների պատասխանատուների կոնտակտային տվյալները և դա գործընկերության սկիզբն էր: Որոշում կայացվեց ստեղծել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ, որը ինչպես նշել է գործադիրի ղեկավարը' լինելու է այն հարթակը, որտեղ ձևավորվելու է կառավարության տեսլականը երկրի զարգացման վերաբերյալ:
Այս ցանկը կարելի է դեռ երկար շարունակել:
Վստահ եմ, որ եկող տարին էլ ավելի արդյունավետ է լինելու, կարևորը տեմպն է, որը տեսանելի է բոլորին:
Միքայել Գրիգորյան