Այս օրերին լրացավ «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական խմբավորումից Իրաքի մեծությամբ երկրորդ՝ Մոսուլ քաղաքի ազատագրման ռազմագործողության 70-րդ օրն. այն Իրաքում իրականացվող ամենախոշորամասշտաբ գործողությունն է 2003թ. ամերիկյան ներխուժումից հետո: Տարբեր տվյալներով գործողությանը մասնակցում են ավելի քան 100 հազ. իրաքյան բանակի զինծառայողներ, քրդական «Փեշմերգա» զորամիավորումների, շիայական տարաբնույթ խմբավորումների մարտիկներ և այլն:

 


Չնայած ռազմագործողության մեկնարկին իրաքյան կառավարության տարբեր պաշտոնյաների և ԻՊ-ի դեմ ձևավորված միջազգային ռազմական կոալիցիայի ներկայացուցիչների կողմից հնչեցված խիստ լավատեսական գնահատականներին, քաղաքի ամբողջական ազատագրման համար մինչև 2016թ. ավարտը նշվող ժամկետներին, այնուամենանիվ, պետք է փաստել, որ գործողությունն ակնհայտորեն դանդաղում է. մինչ այս հաջողվել է ազատագրել Մոսուլի ընդամենը քառորդ հատվածը: Մինչդեռ այդ հաջողություններն էլ շատ ծանր են նստում հարձակվող կողմի վրա. իրաքյան բանակի էլիտար ստորաբաժանումները զգալի կորուստներ են կրում, ազատագրված շրջաններն անընդհատ ենթարկվում են իսլամականների հակահարվածներին, բավական պատկառելի թիվ են կազմում մահապարտ ահաբակիչների մասնակցությամբ անակնկալ հարձակումները և այլն: Այսուհանդերձ, որոշ աղբյուրների համաձայն, առաջիկա օրերին հարձակման նոր ուղղություն է նախաձեռնվելու Մոսուլում. ռազմական գործողությունների թատերաբեմ են նետվել ամերիկյան հատուկ նշանակության ուժերի շուրջ 5 հազ. զինծառայողներ, քաղաքի ուղղությամբ են շարժվում իրաքյան բանակի նոր ստորաբաժանումներ:

 


Վերոնշյալի համատեքստում, այնուամենայնիվ պետք է փաստել, որ Իրաքում և Սիրիայում ծավալվող ռազմագործողությունները և հակաահաբեկչական պայքարը լրջորեն փոխկապակցված են միմյանց և տարածաշրջանում ծավալվող քաղաքական գործընթացների հետ:

 


Մասնավորապես, և՛ Իրաքում, և՛ հատկապես Սիրիայում վերջին շրջանում ծավալվող ռազմաքաղաքական գործընթացներում պարզորոշ կերպով ամրագրվում են իրաքյան և սիրիական կառավարական ուժերի հաջողություններն (Սիրիայում առավել առարկայական), ինչպես նաև՝ դարձյալ հատկապես Սիրիայում կառավարական ուժերի արտաքին հովանավորների՝ Ռուսաստանի և Իրանի դիրքային բարելավումներ:

 

Հետևաբար, պարզ է, որ զարգացումների նման ընթացքը որևէ կերպ չի բխում նշված պետությունների աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հակառակորդների՝ ԱՄՆ-ի, եվրոպական երկրների, Սաուդյան Արաբիայի, Կատարի, մասամբ նաև՝ Թուրքիայի շահերից, քանի որ առկա դիրքային հարաբերակցությունը խիստ անհավասար է: Ուստի նման պայմաններում, տրամաբանական է, որ փոխզիջումային հիմքով հակամարտությունների կարգավորման համար առնվազն անհրաժեշտ է հակամարտ ճամբարների միջև որոշակի հավասարակշռություն, այսինքն՝ դեռևս ակտիվ դիմակայություն և՛ բուն ռազմադաշտում, և՛ դիվանագիտական հարթակներում:

 


Որպես հավաստում վերոնշյալին՝ կարելի է դիտարկել նաև Իրաքում և Սիրիայում հակաահաբեկչական կոալիցիայի հրամանատար, ամերիկացի գեներալ-լեյտենանտ Սթիվեն Թաունսենդի՝ նախօրեին հնչեցրած հայտարարությունը, ով նշել էր, որ մերձավորարևելյան այդ երկրներում ԻՊ-ի երկու հատվածների՝ Մոսուլի և Ռակկայի միջև կապի վերջնական խզման և ահաբեկչական կառույցի բջիջիների ամբողջական ոչնչացման համար անհրաժեշտ է առնվազն ևս 2 տարի ժամանակ:

 


Այսօրինակ հայտարարություններն առնվազն որոշ ժամանակային սահմաններում՝ պայմանավորված ռազմաքաղաքական զարգացումներով, ապահովագրում են կոալիցիոն ուժերի փաստական ռազմական ակտիվ դերակատարություն տարածաշրջանում, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ նաև ԻՊ-ի հնարավորությունները, թեկուզ անուղղակիորեն, հնարավորինս օգտագործվելու են Արևմուտքի, նրա տարածաշրջանային գործընկերների կողմից՝ սեփական դիրքերը բարելավելու և հակառակորդ ճամբարին հակահարվածելու նպատակով. որպես օրինակ՝ Սիրիայում իսլամականների կողմից օրեր առաջ Պալմիրա քաղաքի վերագրավման իրողությունը:

 

Արմեն Պետրոսյան