Երեկ Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից մեկ օր անց Թուրքիայում էլ ի հայտ եկան քաղաքական և հասարակական գործիչներ, որոնք կասկածի տակ դրեցին դեսպանի սպանության պաշտոնական վարկածը՝ ահաբեկչություն՝ ուղղված ռուս-թուրքական բարիդրացիական և եղբայրական հարաբերությունների դեմ։ Ինչպես հաղորդում է Hurriyet-ը, երկրի խոշորագույն ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն բավական հետաքրքիր հարցադրումներով և պահանջներով է հանդես եկել. «Ինչու՞ Ռուսաստանի դեսպանին սպանողին չվերցրեցին կենդանի, այլ գնդակահարեցին։ Ինչպե՞ս կարող էին թուրքական հատուկ ծառայությունները թույլ տալ այս հանցագործությունը»,-հարցրել է Քըլըչդարօղլուն։ Վերջինս, ինչպես նաև թուրքական բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ, պահանջել են Թուրքիայի նախագահ Էրդողանից քրեական գործեր հարուցել թուրքական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների նկատմամբ՝ անգործունակության հոդվածով, որոնք պատասխանատու էին Կառլովի անվտանգության ապահովման համար։
Ինձ էլ է շատ հետաքրքիր, թե դեսպանին սպանած «նախկին» ոստիկանին ինչու՞ գնդակահարեցին, երբ շատ հեշտ կարելի էր վնասազերծել և «տաք-տաք» բացահայտել Կառլովի սպանության պատվիրատուներն։ Սակայն Անկարայում առաջնորդվեցին «Մավրն արել է իր գործը, մավրը պետք է հեռանա» կարգախոսի համաձայն։ Այսինքն՝ 22-այա Մերթ Ալթընթաշը սպանեց ՌԴ դեսպանին Թուրքիայում, նրան կարելի էր վերացնել։
Հետաքրքիր է, որ եթե Անկարայում կան քաղաքական և հասարակական գործիչներ, որոնք կասկածում են Կառլովի սպանության պաշտոնական վարկածին, ապա Մոսկվայում այլ իրավիճակ է։ Ռուսաստանյան հեռուստաալիքներով և ռադիոկայաններով հեռարձակվող թոք-շոուների մասնակիցները՝ հայտնի վերլուծաբանները, արևելագետները, քաղաքագետները և քաղաքական գործիչները բոլորով մեկ եղած պնդում են, որ ինչ-որ «անհայտ», բայց իրենց համար կռահելի մի ուժ փորձում է Կառլովի սպանությամբ սեպ խրել ռուս-թուրքական հարաբերությունների մեջ։ Մրցապայքար է սկսվել սրանց մեջ, թե ով ավելի թրքասեր և թրքամոլ հայտարարությամբ հանդես կգա։ Սրանք չեն հասկանում, որ Անկարան ՆԱՏՕ-ի անդամ է և մինչև հիմա երազում է դառնալ Եվրամիության անդամ, և երբ այդ, իրենց համար հայտնի ուժերը ցանկանան, ապա Անկարան, ինչպես շատ է պատահել, երես կթեքի ռուսներից։ Ռուսաստանցի վերլուծաբաններին լսելուց ուղղակի զարմանում ես, թե ինչպես սրանք չեն հասկանում, թե ինչու է Ռուսաստանն իր պատմության ընթացքում ամենաշատը՝ 12 անգամ պատերազմել Թուրքիայի դեմ։ Ու քանի դեռ չեն ուզում հասկանալ, ապա այդ պատերազմները դեռ կլինեն, որոնց ժամանակ Թուրքիայի թիկունքում մշտապես կլինեն նրա հիմնական գործընկերները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, հիմա արդեն ԱՄՆ-ն։ Մոսկվայում չեն հասկանում կամ չեն ուզում ընդունել, որ անցյալ տարվա նոյեմբերի 24-ին ռուսական ռազմական ինքնաթիռի հետ Սիրիայի օդային տարածքում տեղի ունեցածը մարսելուց հետո Անկարան ավելի մեծ և նվաստացուցիչ հարվածներ էր հասցնելու Պուտինին։ Չմոռանանք, որ ռուսական ռազմական օդանավի խոցելուց հետո, երբ Մոսկվան պատրաստ էր կտրուկ քայլեր ձեռնարկել Անկարայի դեմ, Պուտինին «երկնքից գետին իջեցրեցին» ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն, որոնց հիմա Ռուսաստանը փորձում է մեղադրել ՌԴ դեսպանին սպանողին հովանավորելու և ռուս-թուրքական հարաբերությունները փչացնելու մեջ։
Գագիկ Համբարյան