Մերօրյա իրականության մեջ, որն առաջին հերթին բնութագրվում է ինֆորմացիայի ազատ շրջանառությամբ, մարդուն և հասարակությանը ամենամեծ վնասը, նյութական և հոգեբանական առումով, հասցնում է հենց այդ տեղեկության հետ աշխատելու ունակության բացակայությունը:
Եթե մարդ չի կարողանում առանձնացնել անհրաժեշտ ինֆորմացիան ավելորդից, տրամաբանական բովանդակություն ունեցողը՝ հուզականից, ապացուցվածը՝ անհիմն լուրերից, ուրեմն նա դառնալու է ինֆորմացիոն հոսքերի և պատերազմների զոհ:
Տեղեկատվական հասարակություններում բոլորն ինֆորմացիա են ստեղծում և սպառում: Տեղեկության այդ քանակն անհնար է անվնաս մարսել: Հետևաբար՝ պետք չի նույնիսկ փորձել ամեն ինչից տեղյակ լինել, ամեն ինչի մասին կարծիք ունենալ և կարծիք արտահայտել:
Ինչքա՜ն խելացի էին հին հույները, որ տեղեկությունը բաժանում էին ընդամենը երկու մասին՝ կարծիք և գիտելիք:
Իսկ հիմա, դրանցից բացի, ամենուր հանդիպում ես միայն ընդհանուր և ոչինչ չասող տեղեկություն, տեղեկություն, տեղեկություն...
Ի դեպ, ինֆորմացիա բառը ծագել է in-form ձևակերպումից և նշանակում է ընդամենը «մտքի ֆորմա» կամ «ինչ-որ ձևի մեջ տրված միտք, գաղափար»: Այնպես որ ամեն մեկի և ամեն տեսակի ինֆորմացիաներին շատ լուրջ մի վերաբերվեք, եթե չեք կարողանում գոնե հասկանալ, թե այդ ինֆորմացիան ինչ-որ մեկի կարծիքն է, թե՝ հիմնավոր գիտելիք:
Մովսես Դեմիրճյան