«Լյարդը օրգանիզմում կատարում է նյութափոխանակություն, ունի պաշտպանողական, թունազերծող, արտաթորող ֆունկցիա՝ օրգանիզմից հանում է թույները, որոնք այնտեղ ոչնչանում են: Լյարդում է արտադրվում լեղին, որից անցնում է լեղապարկ եւ այնտեղից մասնակցում մարսման աշխատանքներին: Լեղարտադրությունը լյարդում վատ կատարվելու դեպքում անմիջապես խանգարվում է մարսողությունը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց բնաբույժ Լիանա Իսրայելյանը՝ ավելացնելով, որ երբ հիվանդանում է լյարդը, բջիջները իրենց գործառույթը վատ են կատարում, լեղին կարող է անցնել արյան մեջ եւ մարդու աչքերը, մաշկը դառնում են դեղին:

 

«Լյարդի հիվանդության պատճառով կարող է առաջանալ լյարդի ցիրոզ, որը կարող է ոչ միայն խմիչքի ազդեցությունից առաջանալ, այլ նաեւ լյարդի քրոնիկ հիվանդությունից»,-նշում է բժշկուհին: Հայտնի է, որ սպիրտը ունի լյարդի բջիջները սպանող հատկություն, ուստի բժշկուհին հորդորում է այն ընդունել քիչ քանակությամբ, որպեսզի լյարդը հասցնի այն օրգանիզմից դուրս հանել. «Բայց եթե քանակը շատանում է, լյարդը ոչ միայն չի հասցնում այն մաքրել, այլ նաեւ ինքն է ընկնում հարվածի տակ: Ուսումնասիրություն է կատարվել, որ այն մարդիկ, որոնք շատ են օգտագործում կոնյակ, նրանց մոտ ավելի շատ է լինում լյարդի ցիրոզ, քան նրանց մոտ, որոնք օղի են օգտագործում»: Մասնագետը բացատրում է, որ այս երեւույթը պայմանավորված է կոնյակի միջի նյութերով, որը փոխանցվում է կաղնու փայտից. «Նաեւ հայտնի է, որ գունավոր խմիչքներն ավելի վնասակար են լյարդին, բացի մաքուր գինիներից, որը նույնպես չի կարելի չարաշահել»:

 

Բացի ալկոհոլից, Լիանա Իսրայելյանը նշեց, որ լյարդին մեծ վնաս են հասցնում տարատեսակ որդերը, որոնք ամբողջությամբ ոչնչացնում են լյարդի հյուսվածքը իրենց թույներով: Բժշկուհին նշեց, որ լյարդի հետ խնդիրներ ունեցողների մաշկի վրա առաջանում են տարբեր չափսերի պիգմենտներ, խալեր, որը նշանակում է, որ լյարդում խանգարվել է պիգմենտների նյութափոխանակությունը. «Կարող են լինել մինչեւ անգամ արյունազեղումների նման, աստղիկների պես, տարբեր չափսերի ու մուգ բծեր, ճարպագնդեր»: Բնաբույժը խորհուրդ է տալիս բոլոր օրգանները հավասարաչափ բերել առողջ վիճակի, իսկ պարբերաբար մաքրել աղիքները՝ ճիճվակրությունից, պարազիտներից: Լյարդը, չնայած իր մեծ չափերին, շատ նուրբ է եւ ունի ենթարկվող հատկություն:

 

Բժշկուհին այն նմանեցնում է նորահարսի. «Շուտ է ազդվում, չի սիրում կոպիտ վերաբերմունք, սիրում է, որ իրեն փաղաքշեն, խնամեն, սիրեն եւ չծանրաբեռնեն: Եվ եթե նրա հետ նուրբ ես վերաբերվում, ինչպես նորահարսը, լյարդը նույնպես երկար ժամանակ հոգ կտանի ձեր մասին»: Չծանրաբեռնելու համար, մասնագետը նշեց, որ չի կարելի նախ շատ ուտել՝ պետք է սնվել քիչ-քիչ, թեթեւ եւ առանց ծանրաբեռնելու: Ինչպես նաեւ չի կարելի հատկապես տապակած, պահածոյացված մթերքներ, սահմանափակել աղի օգտագործումը. «Եթե սննդակարգում կծուն, թթուն պետք է նորմայի սահմաններում լինի, ապա աղը պետք է որքան հնարավոր է՝ քիչ օգտագործել, քանի որ այն չի համարվում սննդակարգ»:

 

Մեր հայկական սնունդը, ըստ մասնագետի, շատ ծանր է, մեր ճաշերը շատ հագեցնող են. «Չպետք է մի ճաշի մեջ լցնել բազում բաղադրիչներ, որը աղեստամոքսում ծանրաբեռնվածություն է առաջացնում: Ճաշերը պետք է թեթեւ լինեն, բուլյոն եւ մի տեսակի բաղադրիչ: Լյարդը ավելի շատ նախընտրում է բուսական սնունդ, քան կենդանական: Պետք է ժամանակ առ ժամանակ օգտագործել նաեւ ձուկ, հավի միս»: Լյարդը, այսպես ասած՝ չի սիրում դեղեր, գոյություն ունի դեղորայքային հեպատիտ, որտեղ դեղերի ազդեցության տակ կարող է առաջանալ լյարդի բորբոքում: Բնաբույժի խոսքերով՝ լյարդը շատ է սիրում մեծ քանակությամբ հեղուկներ եւ մեղր, հատկապես՝ մեղրաջուր, քանի որ լյարդի բջիջները սնվում են գլյուկոզայով, իսկ մեղրի մեջ կա գլիկոգեն, որը լյարդի բջիջների համար համարվում է «սիրելի»:

 

«Մեր տատիկ-պապիկները ժամանակին խմում էին շաքարաջուր՝ կամ առավոտյան, կամ քնելուց առաջ, այն լավ պաշտպանում էր լյարդը, ներվային հյուսվածքը: Մեղրը քնաբեր, հանգստացնող հատկություն ունի եւ գիշերվա ընթացքում այն շատ լավ կարող է լվանալ լեղածորանները: Մեղրաջուրը յուրաքանչյուր օրգանիզմին ազդում է առանձնահատուկ ձեւով, մարդ կա՝ չի կարողանում մեղր օգտագործել, նրանք կարող են նաբաթը ջրով բացել եւ խմել, եւ չնայած սա պարունակում է մաքուր ֆրուկտոզա, բայց նույն ազդեցությունն է թողնում բջիջների վրա, ինչ մեղրը»,-նշում է բժշկուհին: Լյարդը մաքրող թեյ, ըստ բժշկուհու, համարվում է անթառամով թեյը՝ 1 ճաշի գդալը 1 բաժակ ջրում թրմել գիշերը եւ խմել օրը 3 անգամ՝ ճաշի գդալով, ճաշից 15-20 րոպե առաջ. «Անթառամը ունի լեղամուղ հատկություն, շատ անգամ նշանակվում է անթառամի մզվածք, բայց անպայման բժշկի հսկողությամբ, քանի որ նրանք՝ որոնք ունեն մեծ քանակությամբ թթվայնություն, անթառամ չեն նշանակում»:

 

Երեկոյան ժամերին եւ ընդհանրապես շատ կարեւոր է խմել նաեւ մաքրող այլ թեյեր եւս՝ անանուխով, երիցուկով, ուրցով, մասուր եւ ինչպես նաեւ՝ օրվա ընթացքում օգտագործել կաթնաշոռ: Լյարդի քրոնիկ հիվանդներին բնաբույժ Լիանա Իսրայելյանը խորհուրդ է տալիս հետեւյալ բնական միջոցը պատրաստել. 1 միջին չափի դդումը պոչի հատվածից կլոր բացել, մաքրել կորիզներից, մեջը կիսով չափ լցնել մեղր: Փակել դարձյալ դդմի կափարիչով եւ սովորական խմոր պատրաստել ու ամբողջ դդումը պատել խմորով:

 

Այդպես թողնել միջին ջերմաստիճանով սենյակում 9 օր եւ բացելուց արդեն դդմի պտղամիսը մեղրաջրի հետ լավ խառնել եւ լցնել էմալապատ կամ ապակե տարայի մեջ եւ ամեն առավոտ քաղցած վիճակում ընդունել 1 ճաշի գդալ. «Օգտագործել 20 օր, 10 օր դադար տալ եւ նորից կրկնել մի քանի ամիս, քանի որ կապված սեռից եւ հիվանդության տեսակից՝ լյարդը ուշ է վերականգնվում: Երբ լյարդը ունի հեպատիտ Ց, կամ մեկ այլ քրոնիկ հեպատիտ, պարզ է, որ մի դեղատոմսով այն չի վերականգնվի, այն պետք է զուգորդվի համալիր բուժմամբ»: