Մինսկի խմբի համանախագահները կողմերից պահանջում են վերսկսել բանակցություններն առանց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ԵԱՀԿ դաշտային առաքելության լիազորությունների ընդլայնման, փոխվստահության միջոցների և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ որոշումների կատարումը որպես նախապայման առաջադրելու: Մեծ հաշվով՝ հենց հայկական կողմին է ասվում, որ վերջինս պետք է համաձայնվի վերադառնալ բանակցային սեղանի մոտ անկախ այն բանից, որ նախկինում՝ ապրիլյան պատերազմի արդյունքում առաջացած ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխհամաձայնեցված որոշումները հակառակորդը մերժում է կատարել: Սա առնվազն տարօրինակ է, քանի որ եթե պաշտոնական Բաքուն համանախագահների մասնակցությամբ ընդունված այս որոշումներն է հրաժարվում կատարել, ապա ի՞նչ երաշխիք կա, որ ալիևյան վարչակազմը կկատարի այս ձևաչափով ապագայում ընդունվելիք որևէ այլ որոշում: Կարելի է ասել, որ համանախագահների վերջին հայտարարությունն իմաստազրկում է պաշտոնական Երևանի մասնակցությունը բանակցային գործընթացին: Ստեղծված իրավիճակում համանախագահների պահվածքն առնվազն խտրական է հայկական կողմերի հանդեպ: Հանուն արդարության ստիպված եմ ասել նաև, որ այս իրավիճակը ձևավորվել է նաև մեծապես հայ բանակցողների քաղաքական մոտեցումների կիսատպռատության ու անսկզբունքայնության արդյունքում:


Արման Մելիքյան