Արմեն Երիցյանի հետ կյանքում չեմ շփվել, բայց շփում եմ ունեցել այն կառույցի հետ, որի նախարարն էր պարոն Երիցյանը: Երիցյան Արմենը ԱԻՆ-ը հասցրել է այն մակարդակին, որի մասին խոսելիս կարող ես վստահ ասել, որ իդեալական համակարգ է:
Մի քանի տարի առաջ Ծաղկաձորում մեքենաս ճանապարհից դուրս թռավ ու ընկա ձյան մեջ, մոտակայքով անցնող մեքենաները վախենում էին օգնության գալ, քանի որ հավանականությունը մեծ էր, որ իրենք էլ կմնան այդ ձյան մեջ:

 

Վերջին հույսս 911 զանգահարելն էր, զանգեցի ու մտովի արդեն պատրաստվել էի, որ մեքենաս դեռ մի քանի ժամ կմնա այդտեղ, հույս էլ չունեի, որ ԱԻՆ-ը ժամանակին կգա: Ուղիղ 18 րոպե անց հայտնվեց ԱԻՆ-ի մեքենան, տղերքը մի րոպեում մեքենան հանեցին ձյան մեջից: Վերջում, երբ առաջարկեցի օգնության համար գումար վճարեմ՝ վիրավորվեցին, մեջներից մեկը ասաց՝ սա մեր պարտականությունն է, ոչ մի կոպեկ հարկավոր չի: Նույնիսկ ես ինձ վատ զգացի, որ փող եմ առաջարկել: Սպասեցին մինչև նստեցի մեքենան, նորմալ ճանապարհ ընկա ու միայն այդ դեպքում հեռացան դեպքի վայրից:

 


Այսօր, երբ իմացա Արմեն Երիցյանի մահվան մասին, սկսեցի հետևել տարբեր մարդկանց, թե ինչ են գրում նրա մասին: Անկախ քաղաքական հայացքներից բոլորը լուրջ ափսոսում էին, որ կյանքից հեռացավ կիրթ ու գրագետ նախարար, մարդ, ով ոչ թե աշխատում էր նախարար, այլ կատարում էր իր պարտականությունները: Մարդ, ով արդեն քանի տարի շատ լուրջ վերաբերվեց իր կառույցին, ով Հայաստանում կարողացավ հավաքել այնպիսի թիմ, որի մասին ոչ մեկ վատը չէր խոսում:

 


Բոլոր պաշտոնյանները պարտավոր են հետևել Երիցյան Արմենի ոճին, քանի որ ոչ մեկս հավերժ չենք ու մի օր լքելու ենք այս աշխարհը, բայց ամեն մեկս հնարավորություն ունենք այնպես ապրելու, որ մահվանից հետո ոչ թե ասեն՝ մահացածի մասին կամ լավը կամ ոչինչ, այլ առանց մտածելու խոսեն միայն լավը, ափսոսան նրա կորուստը:
Աստված հոգին լուսավորի:

 

Աշոտ Ասատրյան