Գիշերը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Մինվոդ քաղաքում, որովհետև ուղևորներից մեկը վատացել էր։ Ցավոք սրտի վայրեջքից հետո բժիշկները չեն կարողացել 60-ին մոտ տղամարդու կյանքը փրկել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, ով դեպքի ականատեսն է եղել:
«Վայրեջքից հետո հարազատներն ուզում էին, որ նույն չվերթում թողեն դիակը, որովհետև ֆինանսական խնդիրներ ունեին հետագայում նրան Հայաստան բերելու համար, բայց օրենքը նման բան թույլ չէր տալիս։
Երբ ուղևորներն իմանում են խնդրի մասին, որոշում են գումար հավաքեն ընտանիքին օգնելու համար։ Վիդեոյում հենց այդ գործընթացն է։ Չգիտեմ ինչքան գումար է հավաքվում, բայց ինչքան հասկացա, այդ ծախսերը փակելու կամ լրիվ թեթևացնելու համար բավարար գումար է հավաքվել։
Ես չգիտեմ աշխարհի այլ մայրաքաղաքներ թռչող ուղևորների մոտ նման հոգատարություն կա, թե ոչ, բայց Երևան թռչող օդանավինը յուրահատուկ էր։ Միմյանց օգնելու սովորությունը խորը արմատներ ունի։ Մարդու մահը ողբերգություն է, բայց շրջապատի հոգատարությունը առնավազն կարող է կանխել դժվարությունները, եթե ոչ նաև ուժ տալ նրանց պայքարելու վշտի դեմ»,- գրել է քաղաքագետը: