Դեկտեմբերի 7-ին սիրիական «ալ-Վաթան» թերթում հրապարակված հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, պատասխանելով այն հարցին, թե ո՞ր երկրներին է համարում Սիրիայի համար թշնամական, նշել է՝ Իսրայելը՝ ընդ որում, շեշտելով, որ այն Արաբական Հանրապետության միակ թշնամի պետությունն է:
Բնականաբար, ՍԱՀ առաջնորդը պարզաբանել է իր տեսակետը՝ հավելելով, որ միայն Իսրայելն է շարունակում տասնամյակներ շարունակ զավթած պահել Սիրիայի տարածքի մի հատվածը. խոսքն, իհարկե, սիրիական Գոլանի բարձունքների մասին է, որը Հրեական պետությունը գրավել էր դեռևս 1967թ. «վեցօրյա» պատերազմի ընթացքում:

 


Ալ-Ասադի հարցազրույցը վերլուծելիս՝ շատ տրամաբանական հարց է առաջանում՝ արդեն ավելի քան 5,5 տարի շարունակ և՛ տարածաշրջանային, և՛ արևմտյան մի շարք պետություններ ամեն հնարավոր միջոց կիրառել են՝ Սիրիայում քարը քարին չթողնելու նպատակով՝ որպես դրա գաղափարական հիմնավորում ներկայացնելով երկրում իշխող բռնապետական վարչակարգի հեռացման հրամայականը. բայց, ավա՜ղ, անգամ այս դեպքում Սիրիայի նախագահը գտնում է, որ իր խնդիրները այդ երկրների վարչակարգերի հետ են, այլ ոչ բնավ ժողովուրդների:
Այսուհանդերձ, եթե անգամ հարցը դիտարկենք ալ-Ասադի տեսանկյունից, ապա նույն Թուրքիան արդեն ավելի քան 3 ամիս է՝ օկուպացրել է Սիրիայի հյուսիսում որոշակի տարածք, ավելին, Սիրիայում այսօր առկա իրավիճակի թիվ 1 արտաքին մեղավորը հենց Թուրքիայում իշխող վարչակարգն է, որի սիրիական ուղղությամբ իրականացվող քաղաքականությունն, ի դեպ, հավանության է արժանանում թուրք հասարակության մոտ 70%-ի շրջանում:

 


Անշուշտ, այս ամենը հաշվի առնելով, պարզապես չի կարելի անտեսել նաև Թուրքիայի հարցում Սիրիայի նախագահի խիստ զգուշավոր դիրքորոշումը, իհարկե՝ նաև գործողություններն, ինչը կարելի է դիտարկել նաև այն համտեքստում, որ ալ-Ասադը կա՛մ չի ցանկանում առավել սրել առանց այն էլ բավական լարված հարաբերությունները արաբամուսուլմանական երկրների հետ, կա՛մ էլ, այնուամենայնիվ, առկա է որոշակի ստվերային գործընթաց Թուրքիայի և Սիրիայի գործող իշխանությունների միջև, և պաշտոնական Դամասկոսը խուսափում է խափանել այն:

 

Արմեն Պետրոսյան