ԻԻՀ ատրպատականյան նահանգները այս օրերին հեղեղված են հակաադրբեջանական քարոզով: Ուրբաթօրյա աղոթքների ժամանակ բարձրաստիճան հոգևորականները ԱՀ նախագահ Իլհամ Ալիևին հորդորում են հրաժարվել շիաների դեմ կիրառվող բռնություններից, նաև' չեղարկել Իսրայելի վարչապետ Նեթանյահուի' Բաքու նախատեսված այցը:

 


Հոգևորականների քարոզներին միանում են տեղի բնակիչները' հնչեցնելով «Մահ Իսրայելին» հայտնի լոզունգը: Ատրպատականյան հոգևորականների հակաադրբեջանական քարոզներն ամենևին էլ ինքնաբուխ չեն, այլ տեղի են ունենում ամենաբարձր մակարդակի պետական հրահանգով: Այդ քարոզին միացել է նաև ԻԻՀ ողջ ԶԼՄ դաշտը' տարածելով հակաադրբեջանական բնույթի հրապարակումներ և տեսանյութեր:

 


Այս հարցով ԻԻՀ պետական դիրքորոշման լավագույն ապացույցն է նկարում տեղ գտած մեծ պաստառը, որը երեկ ուրբաթօրյա աղոթքից հետո ԻԻՀ քաղաքացիները ծածանել են Թավրիզի կենտրոնական փողոցներում: Պաստառի վրա գրված է. «Մենք' Թավրիզի բնակիչներս, ԽՍՏՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ սիոնիստական ռեժիմի ոճրագործ և մանկասպան վարչապետ Նեթանյահուի' մուսուլմանական երկիր հանդիսացող Ադրբեջանի Հանրաապետութուն այցը և Ադրբեջանի իշխանավորներից պահանջում ենք չեղարկել այդ այցը»:

 

Արտյոմ Տոնոյան