ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանել է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ դաշնակիցներին զենքի, զինամթերքի և ռազմատեխնիկայի մատակարարման սահմանափակումները:
Համապատասխան հուշագիրը, հասցեագրված ԱՄՆ պետքարտուղարին ու ՊՆ ղեկավարին, տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: «Գործողությունները, ներառյալ պաշտպանական բնույթի ապրանքների ու ծառայությունների տրամադրումը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ին աջակցող օտարերկրյա ուժերին, ոչ կանոնավոր ջոկատներին, խմբերին կամ առանձին անձանց, կարևոր նշանակություն ունեն ԱՄՆ ազգային անվտանգության շահերի համար»,-ասվում է փաստաթղթում։

ԱՄՆ–ի հեռացող վարչակազմը փորձում է փրկել գրոհայիններին ամբողջական ոչնչացումից, քանի որ Հալեպի գրավումն առանցքային նշանակություն կունենա Սիրիայում ԻՊ–ի և նրա հետ կապակցված միավորումների ոչնչացման համար։
Մինչ այս պահն էլ ԱՄՆ–ը օգնություն էր ցուցաբերում այսպես կոչված «չափավոր ընդդիմությանը»`Ասադին տապալելու համար, ինչը ՌԴ–ի ու Իրանի ակտիվ միջամտության շնորհիվ ձախողվեց։ Հեռացող Օբաման շտապում է հանել զենքերի առաքման արգելքը, որպեսզի, եթե անգամ նորընտիր նախագահ Թրամփը չշարունակի սիրիական հարցում Օբամայի քաղաքականությունը, ապա գոնե Վաշինգտոնի տարածաշրջանային դաշնակիցները`Սաուդյան Արաբիան, Քաթարը, ինչու ոչ նաև Թուրքիան կարողանան աջակցել այն ուժերին, որոնք կմնան առանց ԱՄՆ–ի ուղիղ կամ անուղղակի աջակցության։ Չմոռանանք, որ Հալեպի անկման պարագայում գրոհայինների վերահսկողության տակ են մնալու Իդլիբ նահանգը և ևս մի շարք բնակավայրեր ու շրջաններ`Ռաքքան և այլն։

Օբաման փորձում է կրկնել այսպես կոչված «Ցիկլոն» (Operation Cyclone) գործողությունը, որը 1979—1989թթ.–ին Աֆղանստանում իրականացրել են ամերիկյան հատուկ ծառայությունները`Կենտրոնական հետախուզական ծառայությունը`զենքեր մատակարարելով խորհրդային զորքերի դեմ պայքարող աֆղան մոջահեդներին։

Այդ ժամանակ Սթինգեր և այլ տեսակի զինատեսակները ԱՄՆ–ի ֆինանսական օգնությամբ մոջահեդներին էր տրամադրում Պակիստանի արտաքին հետախուզությունը։ Այժմ Պակիստանի դերը Սիրիայում կարող է ստանձնել Սաուդյան Արաբիան ու Քաթարը`Թուրքիան դեռևս զբաղված է քրդերով, սակայն հետագայում թուրքմեններին պաշտպանելու և սեփական ազդեցության գոտին ստեղծելու հարցում Անկարան կարող է համագործակցել Ծոցի արաբական միապետությունների հետ։
ԱՄՆ–ի հեռացող վարչակազմը ցանկանում է ՌԴ–ին ու Իրանին ավելի խորը ներքաշել սիրիական թնջուկի մեջ`այստեղից բխող տնտեսական, ռազմական, աշխարհաքաղաքական խնդիրներով։ Չմոռանանք, որ proxy war–ի մեջ են գտնվում Իրանն ու Սաուդյան Արաբիան`Սիրիայում, քաղաքական իմաստով`Լիբանանում, ռազմա–քաղաքական իմաստով Իրաքում, Եմենում, Աֆղանստանում և այլուր։

Եթե Դոնալդ Թրամփը չփոխի այն քաղաքական ուղենիշը, որ որդեգրել էր Օբաման ու իր թիմը, ապա Մերձավոր Արևելքին դեռ երկար տասնամյակներ սպասվում են ցնցումներ, պետությունների կազմաքանդում էթնիկ–կրոնական սահմաններով, ինչպես նաև շիա–սունի հակամարտությունը կբարձրանա որակական նոր մակարդակը`ընդգրկելով մի մեծ տարածաշրջան`Մահրիբից մինչև Պակիստան, Հյուսիսային Կովկասից մինչև Արաբական թերակզղի ու Աֆրիկա։