Համբուրգում երեկ հանդիպել են ՀՀ և ԱՀ-ի ԱԳՆ ղեկավարները: Երեկ նաև հրապարակվել էր ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարությունը, որտեղ առավել բաց ու տեսանելի կերպով նշված էին մի շարք դրույթներ, որոնք արտացոլում էին բանակցային փաստաթղթերի առաջարկներն ու սկզբունքները:
Մասնավորապես, որ. «կարգավորումը պետք է հիմնվի հելսինկյան եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների'ուժի չգործադրում, տարածքային ամբողջականության, ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքների և Մինսկի խմբի համանախագ-երկների նախագահների կողմից առաջարկված լրացուցիչ տարրերի հիման վրա: Այդ տարրերն են՝ ԼՂ-ն շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, ժամանակավոր կարգավիճակ ԼՂ-ի համար, որը կապահովի անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ, Հայաստանը ԼՂ-ի հետ կապող միջանցք, ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակի որոշում ապագայում' պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով, բոլոր տեղահանված անձանց եւ փախստականների վերադարձ բնակության նախկին վայրեր, անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն միջազգային խաղաղապահ գործողություն»: Փաստաթղթում անդրադարձ կար նաև ապրիլյան սրացումների ժամանակ քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացված վայրագություններին, որոնք Մինսկի խմբի համանախագահները խիստ դատապարտում են:
Եթե բովանդակային վերլուծենք տեքստը, ապա այն իր բաղադրիչների տեսանկյունից մասամբ համապատասխանում է մեր շահերին, մասամբ՝ ոչ: Դա տրամաբանական է, քանի որ խնդրի ենթադրելի լուծումը պետք է փոխզիջումների կոնտեքստում դիտարկել: Մյուս կողմից՝ տեքստում դիվանագիտական արարողակարգի ու չեզոքության սկզբունքի իրացման դիրքերից անընդհատ ու պարբերաբար կարդում ենք, որ միջնորդները անընդմեջ «կոչ են անում կողմերին...»:
Կոչերի «անվերջանալի» քանակն ընկալվում է որպես միջնորդների կողմից ՀՀ/ԼՂՀ-ի ու ԱՀ-ի միջև հավասարության նշան դնել, ուստի ընդունել, որ անգամ ապրիլյան սրացումներում կամ բանակցությունների տապալման փորձերում կողմերը հավասար պատասխանատվություն են կրում: Մինչդեռ իրականությունը այլ է:
Հայկական կողմը բազմիցս է զգուշացրել, որ անդեմ քննադատությունն ու կոչերը միայն արձակում են Ադրբեջանի ձեռքերը շանտաժի ոճով խոսելու համար, սահմանային սրացումներ նախաձեռնելու առումով՝ այդ կերպ խաթարելով բանակցությունները: Եթե իրապես խնդիր կա ԼՂ հարցը խաղաղ լուծելու առումով, ապա համանախագահ երկրները իրականում ունեն բավարար ներուժ ու ռեսուրսներ սթափեցնելու դեստրուկտիվ դիրքորոշում ունեցող Ադրբեջանին: Ու այս համատեքստում, երբ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը նշում է, որ, «եթե ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը կրկին վատթարանա, դրա ողջ պատասխանատվությունը կրելու են կողմերը», առնվազն անհասկանալի է: Միգուցե վերջապես պետք է հստակեցում մտցնել գործընթացում պատասխանատվության հրապարակային բաշխման տեսանկյունից, քանի որ հակառակ դեպքում գործընթացը տեղից չի շարժվի:
Այլ հարց է, որ նման անդեմ քննադատական մոտեցումները կարող են հանգեցնել ՀՀ/ԼՂՀ համբերության հատմանը, ու վերջիններս կպարտադրեն հարևանին առավել ադեկվատ վարքագիծ: Սակայն այդ պարագայում հարգարժան միջնորդ պաշտոնյաներն առնվազն պետք է արդեն շատ ավելի զգույշ ու հավասարակշիռ հայտարարություններով հանդես գան: