Անցյալ 2 օրերի ընթացքում սիրիական բանակի ստորաբաժանումներն ու նրանց հարող տարաբնույթ զորամիավորումները Հալեպում շարունակել են բավական լուրջ առաջընթաց գրանցել, ինչի ամենաշոշափելի արդյունքը Հին քաղաքի ազատագրումն էր ընդդիմադիրներից. ներկայում, տարբեր տվյալներով, կառավարական ուժերի վերահսկողության ներքո է գտնվում արդեն Հալեպի արևելյան հատվածի 70-85%-ը:

Մինչդեռ, ի՞նչն է ուշագրավ. ըստ արաբական մի շարք լրատվամիջոցներում շրջանառվող որոշակի տեղեկատվության՝ սիրիական բանակի առաջընթացը կապված է նաև Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններով՝ ընդդիմադիրների կողմից վերահսկվող շրջանները հանձնելու վերաբերյալ. Թուրքիայում անցկացված վերոնշյալ բանակցությունները սիրիական ընդդիմադիր խմբավորումների առաջնորդների, Թուրքիայի և ՌԴ ԶՈՒ ներկայացուցիչների միջև ավարտվել են նախորդ գիշեր:

Մինչ այս, սակայն, դեռևս այնքան էլ հստակ չէ՝ արդյո՞ք բանակցություններին մասնակցել են սիրիական զինված ընդդիմության միասնական կառույցի՝ «Ջայշ ալ-Հալաբի» կորիզը կազմող առավել ծայրահեղական ուղղվածությամբ ու ամենաազդեցիկ «Ջաբհաթ Ֆաթհ ալ-Շամ» և «Հարաքաթ Նուր ալ-Դին ալ-Զինքի» խմբավորումները, որոնք մինչ այս կտրականապես մերժում էին արևելյան Հալեպը խաղաղ ճանապարհով հանձնելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն: Բացի այդ, ի տարբերություն Արևելյան Հալեպում որոշ շրջաններ հանձնած Անկարայի կողմից հովանավորվող խմբավորումների, վերոնշյալ կառույցները կրում են հիմնականում Սաուդյան Արաբիայի և Կատարի ազդեցությունը:

Այն, որ սիրիական զինված ընդդիմության վիճակն իրոք օրհասական է, կարելի է փաստել նաև «Հալեպի կառավարման խորհուրդ» կառույցի տարածած հայտարարությունից, որի միջոցով միջազգային հանրությանը մարդասիրական միջամտության կոչ է արվում՝ 7-օրյա հրադադարի խնդրանքով:

Հալեպում ստեղծված իրավիճակը գտնվում է նաև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, ինչի ակնհայտ դրսևորում է նաև սիրիական իշխանությունների, Ռուսաստանի և Իրանի դեմ կիրառվող ահռելի դիվանագիտական ճնշումը՝ ռազմական գործողությունները ժամանակավորապես դադարեցնելու և մարդասիրական միջանցքներ բացելու ուղղությամբ:

Թե ինչպիսի զարգացումների ականատես կլինենք Հալեպում, կշարունակվե՞ն ռազմագործողությունները, թե՞ ընդդիմադիրներն ինքնակամ կհեռանան քաղաքից, պարզ կլինի արդեն առաջիկա օրերի, եթե ոչ ժամերի ընթացքում, քանի որ բավական ակտիվ ստվերային բանակցություններ են ընթանում մի կողմից Ռուսաստանի և Թուրքիայի, մյուս կողմից՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև:

Հ.Գ. Գրառմանը կցված նկարում ներկայացված է սիրիական բանակի առաջխաղացման քարտեզային նկարագրությունը՝

 

Արմեն Պետրոսյան