-Ես 18 տարեկան եմ: Անունս Օլգա է: Ազգանունս հասկանալի պատճառներով չեմ նշում:
Արդեն երկու տարի է ՁԻԱՀ-ով հիվանդ եմ: Հիվանդանոցում մենակ չեմ. այստեղ ինձ նման ընկերներ և ընկերուհիներ էլ ունեմ:
Այս պահին բոլորովին այլ աշխարհայացք ունեմ: Ուզում եմ բոլոր մեծահասակներին, հատկապես իշխանություն ունեցող մարդկանց հարցնել. «Ինչո՞ւ դուք' մեծերդ, մեզ' ձեր երեխաներին, չեք պաշտպանել: Ինչո՞ւ եք թույլ տվել ընկղմվել այս ճահճուտի մեջ: Դո՛ւք եք մեղավոր մեր մահվան համար»:
Դուք ուզում եք «ազատություն», «զվարճանք», «հանգիստ» ունենալ: Դուք խրախուսում եք ազատ հարաբերություններ: Մեզ ոգեշնչում եք, որ այդպես են բոլորն ապրում:
Իսկ մենք մահանում ենք: Մենք սեր, ընտանիք, երեխաներ չենք ունենալու: Պատկերացնո՞ւմ եք' ինչ է լինելու մեզ հետ' ձեզ հաջորդող սերնդի հետ:
Թեև կենդանի ենք, սակայն արդեն չկանք: Մենք զրկվել ենք մանկությունից, մեզնից գողացել են մեր ապագան: Երբ դրսում հանդիպում եմ տարեց մարդկանց, տարօրինակ զգացողություն եմ ունենում. վիրավորանք, բարկություն, վախ, նախանձ, անզորություն, ինչ-որ բան ուղղելու անկարողություն:
Դուք ապրել եք 60, 70, 80 կամ ավելի տարի, իսկ մենք այդքան չենք ապրելու: Մենք երիտասարդ ենք մահանալու: Ինչո՞ւ: Ինչի՞ համար: Ինչո՞ւ չեք սովորեցրել մեզ, որ կա «ամոթ», «բարոյականություն», «սեր», «առաքինություն»:
Իմ ընկերներից չորսը, ովքեր երեկ դեռ դպրոցական էին, արդեն մահացել են: Դիահերձարանները վխտում են երիտասարդների դիերով: Մենք միմյանց ենք թաղում…»:
Ավելի լավ էր խոտ հնձեինք, տրակտոր վարեինք, քան թե արտասահմանյան շքեղ մեքենաների մեջ ՁԻԱՀ-ից մեռնեինք: Դուք ոչինչ չարեցիք մեր ճիշտ դաստիարակության հարցում, ավելին' ջանք չխնայեցիք մեզ անբարոյականության մեջ թաթախելու գործում:
Եթերը ողողված է անբարոյականությամբ, անպարկեշտ տեսարաններով, պղծությամբ: Ձեզ ոչ ոք չի դատապարտի դրա համար: Չէ՞ որ դուք ոչ ոքի սեփական ձեռքերով չեք սպանել:
Պարզապես սպանել եք շատ «անմեղ» զենքերով: Եվ հիմա էլ շարունակում եք նույն բանն անել ուրիշ երեխաների հետ, ովքեր մեզնից ավելի փոքր են:
Կա՛նգ առեք:
Օ՜, որքան երախտապարտ կլինեի այն մարդուն, ով ծխախոտը խլեր իմ ձեռքից, ծեծեր ինձ անբարոյականության համար, բայց այն ժամանակ, երբ դեռ հնարավոր էր ինձ փրկել:
Օգնե՛ք նրանց, ովքեր անտարբեր չեն լուծելու օրհասական խնդիրը: Օգնե՛ք դադարեցնել անմտությունը: Դուք էլ, որ կարդում եք իմ նամակը, փոխանցեք այն մեկ ուրիշին, որովհետև գուցե այն օգնի ինչ-որ մեկին: Չէ՞ որ մենք այստեղ մահանում ենք, դուք նույնպես…
Օլգա, Սանկտ-Պետերբուրգ
Արմեն Մկրտչյան