Այսօր հայտնի դարձավ, որ ընտանեկան բռնությունների մասին նոր օրենքը ժամանակավորապես հետ է ուղարկվել լրամշակման, և այն, գոնե, առաջիկայում չի հուզի հանրությանը:

 

Խոսքը այն օրենքի մասին է, որով պետությունը կարողանալու է ստիպողաբար, օրենքի ուժով երեխային խլել ծնողներից:

 

Հիշում եք չէ՞, որ միշտ ասում էինք. «Ամերիկան ու եվրոպան ախմախ երկրներ են, ասենք երեխուդ վրա ջղայնանաս, պետությունը երեխուդ ձեռիցդ կվերցնի ու կուղարկի մանկատուն»:

 

Հենց այս օրենքն էին ուզում պարտադրել մեր հասարակությանը: Այստեղ կա մի նրբություն, որը պարտավոր ենք նկատել: Այս օրենքն իր հետ բերեց ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի 27 տարեկան օգնականը: Պատկերացնու՞մ եք, 27 տարեկան տղան մի օրենքի ջատագովն է, որը վերաբերվում է մեր ողջ ժողովրդին, մեր ավանդություններին ու մեր կերպարին:

 

Այս ամենին կտրուկ դեմ արտահայտվեցին թե իշխանության ներսի ազգայնական գաղափարախոսությամբ հայտնի ՀՀԿ-ականները, թե սոցիալական տարբեր խավերի ակտիվ քաղաքացիները: Ի՞նչ եղավ: Վարչապետը, հանձինս իր 27-ամյա օգնական Արամ Վարդևանյանի, կրեց պարտություն, օրենքը, լրամշակելու անվան տակ, ուղարկվեց գրողի ծոցը:

 

Օրենքը քանդելու էր մեր ընտանիքները, բայց օրենքի ընդունումը տալու էր 12 միլիոն եվրո ԳՌԱՆՏ:

 

12 միլիոն եվրոն գնաց գրողի ծոցը, վարչապետն էլ կրեց իր առաջին՝ ակնհայտ պարտությունը:

 

Արսեն Սանամյան