Լիբանանյան մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ՝ լիբանանյան «Հիզբալլահ» շիայական արմատական կազմակերպության առաջնորդ Հասան Նասրալլահն օրերս գաղտնի հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ. հանդիպումը կայացել է երկու երկրների սահմանին: Պետք է նշել, որ «Հիզբալլահը» սիրիական բանակի կարևորագույն ցամաքային դաշնակիցն է ներսիրիական հակամարտության շրջանակներում:
Հրապարակումների համաձայն՝ ալ-Ասադն ու Նասրալլահը քննարկել են կողմերի միջև ռազմավարական համագործակցության համաձայնագրի մանրամասները:
Ավելի վաղ շրջանառված մեկ այլ տեղեկատվության համաձայն՝ դարձյալ գաղտնի հանդիպում է տեղի ունեցել կառավարական ուժերի դաշնակից մի շարք շիայական դաշտային հրամանատարների և ռուսական օդատիեզերական ուժերի հրամանատարության միջև, որի ընթացքում, ամենայն հավանականությամբ, քննարկվել են երկրի առանձին շրջաններում իրականացվելիք հատուկ ռազմագործողությունների վերաբերյալ մանրամասներ:
Վերոնշյալը հիմք ընդունելով՝ կարելի է եզրակացնել, որ հատկապես Սիրիայի Հյուսիսում՝ Հալեպում կառավարական ուժերի և նրանց աջակցող տարաբնույթ կառույցների՝ այս օրերին արձանագրած առաջխաղացումները նաև մարտերում ներգրավված ուժերի ակտիվ ռազմական համագործակցության արդյունք են, իսկ ձեռք բերված առարկայական հաջողությունները միայն ավելի կսերտացնեն դաշնակից ուժերի համագործակցությունը հնարավոր այլ, նաև ռազմավարական նշանակության ճակատներում:
Արմեն Պետրոսյան