Սիրիայի Հալեպ քաղաքի հյուսիս-արևելքում կառավարական ուժերի առաջխաղացումը մեկ այլ իրողության առաջ կանգնեցրեց:

 


Հալեպի վերոհիշյալ հատվածում մի շարք առանցքային շրջաններ ազատագրելուց հետո սիրիական բանակը շարժվեց նաև դեպի հյուսիս-արևելք՝ Հալեպից մոտ 30 կմ հեռավորության վրա գտնվող ու Իսլամական պետության կողմից վերահսկվող ալ-Բաբ քաղաքի ուղղությամբ:
Այսօր ստացված տեղեկությունների համաձայն՝ կառավարական ուժերը Թուրքիայի կողմից հովանավորվող ընդդիմադիր ուժերից ազատագրել են որոշ բնակավայրեր, որոնք մոտ էին գտնվում ալ-Բաբին: Այդ ուղղությամբ են շարժվում նաև թուրքական զինուժի աջակցությամբ գործող ընդդիմադիր խմբավորումները հյուսիսից և ամերիկացի զինվորական հրահանգիչների կողմից ուղղորդվող քրդական ուժերը հարավից:

 


Ալ-Բաբի (արաբերեն՝ դուռ) շուրջ ձևավորվող պատկերը հետևյալն է՝ հիշյալ դռանն են ուզում մոտենալ կառավարական ուժերը, թուրքական զինուժի հովանավորությամբ գործող ընդդիմադիր կառույցներն ու քրդական զինուժը: Ով հասնի այդ դռանն ու բացի այն, կստանա ռազմավարական կարևորություն ունեցող ալ-Բաբ քաղաքն իր հարակից շրջաններով, որը պետք է և՛ սիրիական վարչակարգին, և՛ վերոհիշյալ ընդդիմադիրներին, և՛ քրդերին:

 

Սարգիս Գրիգորյան