Անցյալ շաբաթվա ավարտին Սիրիայում ծավալված ռազմական գործողությունների հիմնական թատերաբեմն է եղել Հալեպը, որտեղ նաև շոշափելի դիրքային փոփոխություններ են արձանագրվել:

Սիրիական բանակային ստորաբաժանումներին դաշնակիցների հետ միասին Հալեպի արևելյան շրջաններում հաջողվել է լուրջ առավելության հասնել ընդդիմադիր մի շարք խմբավորումների դեմ պայքարում՝ կտրելով շրջանները վերահսկող խմբավորումների միջև կապը և հարկադրել որոշ կառույցների լքել դրանց հյուսիսային հատվածը, տասնյակ զինյալներ էլ հանձնվել են. ընդհանուր առմամբ' կառավարական ուժերին հաջողվել է ազատագրել 8 շրջան (մոտ 45 %-ը), այդ թվում՝ Հալլաք ալ-Ֆուքանի, Հալլաք ալ-Տահթանի Բուսթան ալ-Փաշա և այլն: Այս ռազմագործողությունների ընթացքում կառավարական ուժերին զգալի աջակցություն են ցուցաբերել նաև քաղաքի նշված հատվածում գտնվող քրդական Շեյխ Մաքսուդ շրջանում տեղակայված քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները»:

Ընդդիմադիրներից վերադարձված շրջաններից Հալեպի հայաբնակ թաղամասերի անվտանգության տեսանկյունից հատկապես կարևոր է նրանց հարևանությամբ գտնվող Բուսթան ալ-Փաշայի ամբողջական ազատագրումը, որի շուրջ մարտերը թեժացել էին հատկապես անցյալ շաբաթվա սկզբից:

Պետք է նշել, որ նաև այս շրջանից էին պարբերաբար հրթիռակոծվում քաղաքի՝ կառավարական ուժերին ենթակա գոտիներն, այդ թվում՝ հայաբնակ թաղամասերը, որոնց անվտանգության մակարդակը վերոնշյալ գործողությունների արդյունքում, մեծ հավանականությամբ զգալիորեն բարելավվելու է:

Հ.Գ. Ռազմական ակտիվ գործողությունները Հալեպում այսօր ևս շարունակվել են. դրանց ընթացքում կառավարական ուժերը նոր դիրքային հաջողություններ են արձանագրել:

 

Արմեն Պետրոսյան