Այսօր ռուսական «Իզվեստիա» թերթում տեղ է գտել ՀՀ Պաշտպանության նախարար Վ.Սարգսյանի հետ հարցազրույց, որի հակիրճ տարբերակն առկա է թերթի կայքում:
Հարցազրույցի ներկայացվող օրակարգը հիմնականում կապված է նոյեմբերի 27-30-ին ծրագրված Նախարարի առաջին պաշտոնական այցի հետ, որի շրջանակներում նա «կմեկնի Դոնի Ռոստովում գտնվող ՌԴ Հվ-ային ռազմական օկրուգ, ապա՝ Մոսկվա, ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցությունների, որի արդյունքում կստորագրվի «Զինված ուժերի միացյալ խմբի մասին» միջպետական պայմանագիրը, ինչպես նաև 2017թ-ի ընթացքում երկու գերատեսչությունների համագործակցության վերաբերյալ փաստաթուղթը»։
Կարծում եմ սա կարևոր այց է, հատկապես կապված հայ-ռուսական միացյալ զորամիավորման վերաբերյալ իրավական համաձայնագրի ստորագրման/հաստատման, ինչպես նաև Ռոստովում, ապա նաև Մոսկվայում գործակցության մեխանիզմների գնահատման, գործակցության խորացման առումով:
Տրամաբանական է նաև այն, որ Նախարարի առաջին այցը հենց ՌԴ է, որը հանդիսանում է ռազմաքաղաքական ոլորտում մեր առաջնահերթ գործընկերը: Միացյալ զորամիավորման ստեղծմանն ուղղված համաձայնագրի կնքումը, (որը գործնականում իրավականորեն կանոնակարգում է վաղուց գոյություն ունեցող հայ-ռուսական միացյալ զորամիավորման նպատակները, խնդիրները, լիազորությունների ու պատասխանատվության շրջանակը) խիստ կարևոր է ռեգիոնում ՀՀ-ի ու ՌԴ-ի անվտանգության ու կայունության դեմ ուղղված մարտահրավերներին ու սպառնալիքներին հակադարձելու տեսանկյունից: Այսինքն գերակա նպատակը միացյալ ջանքերով ցանկացած վտանգներին հակադարձելն է ու նաև դրանք կանխարգելելը:
Այս պարագայում մեկ կարևոր բան նույնպես առանցքային է. խաղաղ պայմաններում, ինչպես նշվում է համաձայնագրում, միացյալ զորամավորման առավել փոքր տարբերակը՝ կորիզը գտնվում է հայկական զինուժի ղեկավարության ներքո, մինչդեռ ռազմական պայմաններում հրամանատարությունը որոշվում է երկու երկրների ղեկավարների բանակցությունների արդյունքում:
Եթե հարցը դիտարկենք ռազմական առումով, իհարկե, մենք շահում ենք: Ռեգիոնում, ի դեմս Թուրքիայի, առկա է սուբյեկետ, որին համակշռելու համար մենք գործակցում ենք ռուսների հետ: Միջազգային իրավիճակը Մերձավոր Արևելքում ու աշխարհում մեր ազգային շահերով պայմանավորված պայմաններ է ստեղծում, որ մենք այդ գործակցությունն առավել խորացնենք: Առկա մարտահարվերները միայն մեր ռեսուրսների ու ներուժի հաշվին լուծելի չեն, իսկ այլ գործընկերներ չկան, ում շահերը այս բաղադրիչով մեր շահերի հետ կհամընկնեն: Ուստի այս պարագայում ՌԴ-ի հետ գործակցության ֆորմատը ռազմական անվտանգության ապահովության տեսանկյունից փաստորեն անփոխարինելի է ու կյանքը ցույց է տվել, որ այն իրեն առնվազն այսօր և այս իրավիճակում արդարացնում է:
Ալեն Ղևոնդյան