Ըստ տվյալների Հայաստանում 14 կին է մահացել ընտանեկան բռնությունների հետևանքով: Սա՝ պաշտոնապես: Քանի հոգու մեջքին են ամեն օր աթոռ ջարդում՝ դժվար հաշվենք: Իսկ գիտե՞ք նաև ինչու է էդպես լինում: Որովհետև հրճվում եք նրանից, որ ձեր ընտրյալը չի թողնում տաքսու մեջ վարորդի կողքին նստեք, ուրախությունից թռվռում եք, երբ ձեզ արգելում են գնալ ընկերուհու տուն կամ վեցից ուշ տուն մտնել: Շունչը կտրվելու աստիճան էքստազի մեջ ընկած հպարտանում եք՝ ոնց է ձեր ընկերը խանդել ձեզ, երբ ձեր կողքով անցնող տղան պատահաբար ուսով ձեզ է դիպել ու ջարդել է տվյալ մարդու ոտքերը:
Լինում է նաև այն պատճառով, որ հենց բոլորում է ձեր տասնյոթ տարին, հնարավոր ու անհնար վայրերում սկսում եք խոսել, գրել այն մասին, որ ընտանիք եք ուզում, երեխաներ՝ գոնե նախևառաջ մի քիչ ավելի մեծանալ ուզեք, կայանալ ցանկանաք ու մտածեք՝ ինչ պիտի տաք ձեր ապագա երեխային: Կյանքի երջանկությունն ընտանիքն է, սա երջանիկ կյանքի կարևոր, բայց մի հատված է միայն:
Մանկական տարիքից ընտանիք ունենալու վրա հիվանդագին ֆիքսված լինելը կողքինների ներշնչանքն է, մի տրվեք դրան: Առողջ ընտանիքը առողջ հարաբերությունների վրա է հիմնվում, իսկ դրա համար գիտելիք ու ժամանակ է պետք նաև: Ինքնաբավությունից լավ բան չկա, ստեղծեք դրա հիմքերը ձեզ համար: Որ երբ ձեզ վերջին բառերով հայհոյեն ու պոլերով քարշ տան, կամ դավաճանեն, ոչ թե դա կուլ տաք ու դիմանաք, որովհետև ֆինանսապես կախված եք ձեր կողակցից, այլ թքեք վրան ու հեռանաք:
Մեդիան անընդհատ պատմում է բռնության ենթարկված կանանց մասին, կարդում ենք, սարսափում ենք, հետո սուսուփուս լսում՝ ոնց են մեզ վրա գոռում , որովհետև հեռախոսազանգին փոքր-ինչ ուշ պատասխանեցինք, կամ «պատժվում» ու նստում տանը, որովհետև երեկ կես ժամը մեկ մոռացել ենք տեղյակ պահել՝ որտեղ ենք ու ինչ ենք անում: Մեզ պատմում են, որ փոխվենք, որ չկրկնենք նույն սխալները, որ երբ մեզ հետ նման դժբախտություն պատահի, չգան ու ասեն՝ դուք եք մեղավոր, բռնության զոհին չմեղադրեն դրա մեջ: Երևի փորձենք չհասցնել հարաբերություններն այդքան լուրջ մակարդակի՝ եթե տեսնում ենք, որ մեզ չեն հարգում: Կարելի է ի սկզբանե կյանքը առողջ կառուցել, ոչ թե ինքնակամ հարաբերությունների ու կապվածության ստրուկը դառնալ:
Դուք տեսնում եք, որ ձեզ մարդուց վերածում են իրի ու լռում եք. ինչո՞ւ: Խնդրում եմ ձեզ, հերիք է փայլող աչքերով պատմեք ձեր սիրելիի սահմանափակ ուղեղի ու վարքի մասին: Խիստ ու պահանջկոտ տղամարդը վրադ գոռացող ու քեզ տանը փակող անասունը չի, մի օր պետք է հասկանալ էդ անտեր տարբերությունը:
Սարսափելի են էս թվերը: Բայց դրանք աճելու են, քանի դեռ մենք մեր ուղեղին ու մարմնին տեր չենք կանգնում ու մտածելով, թե մեզ տեր, ֆինանսավորող, հարց լուծող է պետք՝ հրճվելու ենք տվյալ փաստից:
Սյունե Սևադա