Իրանական լրատվական կայքերի քաղաքական լուրերի բաժինները մի կարևոր առանձնահատկություն ունեն. գրեթե ամեն օր այդ բաժիններում լուրերի առյուծի բաժինն ընկնում է օրհասական հիվանդությամբ հիվանդանոցներում հայտնված հոգևոր գործիչների այցելությունների և մահանալու դեպքում' ցավակցությունների նկարագրություններին:

 


Բոլոր հոգևոր դեմքերի այցելությունները ներկայացվում են առանձին - առանձին, ասենք օրինակ «Մեծարգո հոգևոր առաջնորդն այցելեց այաթոլլահ Մուսավի Արդաբիլիին»: Նույն լուրը կրկնվում է անհամրելի քանակով' տարբերությամբ, որ «Մեծարգո հոգևոր առաջնորդ» կապակցությունը փոխարինվում է «ԻԻՀ նախագահ», «Խորհրդարանի խոսնակ», «Մեջլիսի անդամ» (290 անդամ կա), «Նահանգապետ» (31 նահանգապետ), «Այաթոլլահ», «Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ», «Փորձագետների խորհրդի անդամ» (88 անդամ) և այլ բառերով ու բառակապակցություններով: Եթե հիվանդանոցում հայտնված գործիչը մեկ օր անց մահանում է, ապա նույն մարդկանց այս անգամ ցավակցությունները նկարագրող լուրերի շարքն է սկսվում գրեթե նույն հերթականությամբ:

 


Նույն կերպ ցավակցական լուրերի շղթա կարելի է տեսնել մեկ էլ նահատակների դեպքում:
Արդյունքում լրատվական կայքերի քաղաքական լուրերի բաժնի լրահոսի 70%-ից ավելը շատ հաճախ բաժին է ընկնում հիվանդանոց այցելությունների և ցավակցությունների մասին պատմող լուրերին:

 

Արտյոմ Տոնոյան