Պակիստանի նախագահ Մամնում Հուսեյնն ու Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը պայմանավորվել են արագ կերպով ավարտին հասցնել համատեղ տնտեսական նախագծերն երկրների միջև։ Պակիստանի նախագահը կարևորել է Ադրբեջանի հետ պաշտպանական ոլորտում հետագա համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։
Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցանկանություն է հայտնել 2017թ.–ի փետրվարին այցելել Պակիստան։ Պակիստանի նախագահը նշել է, որ Ադրբեջանը կարող է օգտվել պակիստանյան ռազմական ձեռնարկություններից ու ռազմական մասնագետներ պատրաստել Պակիստանում։

Ադրբեջանն ու Պակիստանը մշակում են առևտրա-տնտեսական կապերը մոտակա հինգ տարվա ընթացքում կես միլարդ դոլարի հասցնելու ծրագիրը, որն ազդելու է արտահանման խթանման ու դիվերսիֆիկացիայի վրա։ Նախատեսվում է, որ պակիստանյան ընկերություններն ավելի լայն թափով կներթափանցեն ադրբեջանական շուկա։ Դրա հետ մեկտեղ, Պակիստանի ռազմական արդյունաբերության նախարար Ռանա Թանվեր Հուսեյնը հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկություն է հայտնել Պակիստանից ներկրել պաշտպանական արտադրանք, ռազմական տեխնոլոգիաներ ու տեխնիկա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Պակիստանն ու Ադրբեջանը ցանկանում են ստեղծել համատեղ ռազմական ձեռնարկություններ: Նա նաև նշել է, որ Ադրբեջանն ու Պակիստանը քննարկել են համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը՝ Բաքուն ցանկանում է գնել Իսլամաբադից գերճշգրիտ զենքեր:

Պակիստանա-ադրբեջանական հարաբերությունները բարձրացվում են որակական նոր մակարդակի վրա՝ համատեղ զորավարժություններ, ձեռնարկություններ, Բաքվի կողմից պակիստանյան զենքերի ու զինատեսակների գնում՝դա արվում է տնտեսական, առևտրային, էներգետիկ կապերը զարգացնելուն զուգընթաց:
Պակիստանը միջուկային տերություն հանդիսանալով բավականին ազդեցիկ ուժ է իսլամական աշխարհում ու Բաքուն փորձելու է օգտագործել այդ երկրի թե տնտեսական ներուժը՝ ադրբեջանական տնտեսության մեջ ներդրումներ ներգավելու համար՝ նավթադոլարների կրճատման, ոչ նավթային հատվածի զարգացման ու Ադրբեջանը էներգետիկ-տրանսպորտային միջանցի վերածելու տրամաբանության շրջանակներում, այնպես էլ կիրառելու է պակիստանյան ռազմա-տեխնիկական նորարարություններն ու ներուժը սեփական զինված ուժերի ամրապնդման համար:

Հիշեցնենք, որ պակիստանյան աէրոնավիգացիոն համալիրի (Pakistan Aeronautical Complex Kamra) ղեկավար, ռազմա-օդային ուժերի մարշալ Արշադ Մալիքը հայտարարել էր, որ Պակիստանը պատրաստ է Ադրբեջանի ռազմա-օդային ուժերն ապահովել JF-17 Thunder կործանիչներով:
Նա նշել է, որ իրենք սերտորեն համագործակցում են Ադրբեջանի ռազմա-օդային ուժերի հետ ու Պակիստանից կործանիչների առաքման հետ կապված որևէ խնդիր չկա:Ըստ նրա, JF-17-ում հնարավոր է օգտագործել ռուսական, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների արտադրության հրթիռներով:

Մարշալը հավելել է, որ Իսլամաբադը պատրաստ է Բաքվի հետ կիսվել տեխնոլոգիաներով: Պակիստանցի բարձրաստիճան զինվորականը չի բացառել նաև Բաքվին որոշակի տեխնոլոգիաների փոխանցման հնարավորությունը՝դա կարող է կապված լինել այդ կործանիչների տեխսպասարկման ու հրթիռային տեխնոլոգիաների հետ: Այսպիսով, Պակիստանը կարող է դառնալ «երկրորդ Իսրայելը» Բաքվի համար՝ռազմա-տեխնիկական համագործակցության ու զենքերի գնման առումով:

Չմոռանանք, որ Իսլամաբադը ղարաբաղյան հարցում որդեգրել է վառ ադրբեջանամետ դիրքորոշում, դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել ՀՀ-ի հետ ու միջազգային տարբեր հարթակներում քվեարկում է Բաքվի օգտին:
Տնտեսական համագործակցության առումով Ադրբեջանը ցանկանում է հավասարակշռել իր առևտրա-տնտեսական կապերը Թուրքիայի հետ`սուննի մեկ այլ պետության, միջուկային տերություն Պակիստանի հետ խորացնելով կապերը։ Ադրբեջանը կարող է առաջարկել իր նավթագազային հանքավայրերը պակիստանյան ընկերություններին, ինչպես նաև ռազմական արտադրանքի գնորդներից մեկը դառնալ Իսլամաբադի համար` Թուրքիային, ՌԴ-ին, Իսրայելին զուգահեռ։

Պակիստանյան գրեթե 200 միլիոնանոց շուկան էլ կարող է դառնալ ադրբեջանական ցանկացած արտադրանքի համար սպառնման շուկա`անգամ փոքր խմբաքանակի ապրանքերի վաճառքը կարող է էականորեն ազդել նավթի գների անկում, ԿԲ-ի պահուստների նվազում ու մանաթի արժեզրկում «տեսած» ադրբեջանական բյուջեի համալրման վրա։

Պակիստանը կարող է ադրբեջանական շուկա դուրս գալ Իրանի տարածքով`շուտով կյանքի է կոչվելու Ադրբեջան–Իրան երկաթգիծը, որը միանալու է Իրան–Պակիստան երկաթգծին։ Բացի այդ, Պակիստանը կարող է հետաքրքրված լինել նաև Տրանսկասպյան միջանցքով`Թուրքմենստանի, Ղազախստանի միջոցով Բաքվի նավահանգստով Կովկաս, Սևծովյան շուկաներ ու Թուրքիա դուրս գալու միտումով։

Պակիստանն այս պահին արտադրում է Burraq անօդաչու թռչող սարքեր, Հաթֆ տեսակի հրթիռներ, Aircraft Manufacturing Factory գործարանում արտադրվում են JF-17 և այլ տեսակի կործանիչներ, Tank Manufacturing Factory տանկային գործարանն արտադրում է «Ալ–Հալիդ», «Ալ–Զառռար» տեսակի տանկեր, Heavy Artillery and Rocket Factory գործարանը արտադրում է տարբեր տեսակի արկեր և զինամթերք, Small Arms Ammunition Factory–ը` փամփուշտներ, Tank and Anti-Tank Ammunition Factory–ին`տանկային արկեր, ռադիոէլեկրտոնային համակարգեր և այլ արտադրանք։ Պակիստանն ունի զարգացած ռազմա–արդյունաբերական համալիր ու Ադրբեջանը կարող է փորձել օգտվել այդ արտադրանքից կամ համատեղ ձեռնարկություններ հիմնել։

 

Արտեմ Բալասանով