Հայաստանը հոգեբանություն է, այստեղ կյանքը հիմնված է առաջին հերթին ոչ թե մասնագիտական գիտելիքի, քաղաքակրթական նորմերի, կրոնական կամ բարոյական պատկերացումների, համայնքի սկզբունքների, այլ, նախևառաջ, մարդկանց հոգեբանության վրա:
Հայաստանը հոգեբանություն է, և դրա պատճառով այստեղ միշտ ուրիշն է մեղավոր, քանի որ մեղավորությունը կրելու պատասխանատվություն մենք չունենք, այստեղ բոլորը միջակություններ են, քանի որ բոլորից տարբերվելը ինքնուրույնություն է պահանջում, որը մենք չունենք, այստեղ ոչինչ չի փոխվում, քանի որ որևէ նորություն ենթադրում է նորի իմացություն, իսկ մենք ճանաչողությամբ զբաղված չենք առհասարակ,
և մենք չենք տենչում այլ ապագա, քանի որ մեր միտքն ու հոգին անցյալի սեփականությունն են:
Հետևաբար, մենք չունենք քաղաքականություն, որովհետև ունենք խնդիրներ քաղաքական մասնակցության հոգեբանության ոլորտում, մենք չունենք կրթություն, որովհետև ունենք չլուծված խնդիրներ ճանաչողության հոգեբանության ոլորտում, և չունենք հումանիստական մշակույթ, քանի որ չհասկացված խնդիրներ ունենք առաջին հերթին մարդ, թե հայ լինելու հարցում:
Եվ շատերը Հայաստանում նախ հայ են, հետո միայն՝ մարդ, քանի որ ամեն ինչ նախ անում են հայավարի, հետո նոր՝ մարդավարի:
Մովսես Դեմիրճյան