Մարզերի երիտասարդները հեռանում են, իսկ նոր կառավարությունը ի՞նչ է մտածում այս ուղղությամբ: Գործազրկություն, սա է մարզային երիտասարդության համար առավել հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրը: Սակայն ինչպես այս, այնպես էլ սոցիալ-տնտեսական, արտագնա աշխատանքի, կենցաղային ոչ բարվոք պայմանների, կրթական ու մշակութային հիմնախնդիրների կողքին, մարզային երիտասարդներն ունեն նաև ինքնաարտահայտման, տարաբնույթ կարծրատիպերից ու բարդույթներից ազատվելու խնդիր: Ինչ խոսք, այս խնդիրները տրամաբանորեն շաղկապված են:
Այսպես' մինչ զբաղվածության խնդրին հասնելը, պետք է լուծել կրթություն ստանալու խնդիրը: Դպրոցն ավարտելուց հետո գրեթե բոլոր շրջանավարտները փորձում են ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ: Դատելով վիճակագրական տվյալներից' կարելի է փաստել, որ մարզերի երիտասարդների հիմնական մասը բարձրագույն կրթություն է ստանում մայրաքաղաքի ԲՈՒՀ-երում: Ինչ խոսք, մարզային ԲՈՒՀ-երը բացառիկ նշանակություն ունեն նաև երիտասարդին իր մարզում պահելու առումով, սակայն պետք է նկատել, որ մայրաքաղաքի ԲՈՒՀ-երում բարձրագույն կրթություն ստացած երիտասարդների մեծ մասը չի վերադառնում մարզ և գիտելիքները չի ծառայեցնում մարզի զարգացմանը: Պատճառը հետևյալն է՝ եթե ուսումն ավարտելուց հետո մասնագիտությանը համապատասխան աշխատանք գտնեն, ապա կաշխատեն մարզում: Ցավոք, մարզում աշխատանք գտնելը դիֆիցիտ է, իսկ Երևանում աշխատանքի տեղավորվելու հավանականությունն ավելի մեծ է: Այդ է պատճառը, որ մարզերի երիտասարդների մեծ մասը ձգտում է աշխատել և ապրել մայրաքաղաքում, իսկ մի մասն էլ մեկնում է արտագնա աշխատանքների:
Մարզերի երիտասարդները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով, ինչը, սակայն, տևում է մի քանի ամիս, որը ոչ եկամտաբեր է: Ինչպես գյուղաբնակ երիտասարդներն են խոստովանում, դա էլ ձանձրալի ու տհաճ աշխատանք է: Մարզերում միայն սակավաթիվ երիտասարդներ ունեն հիմնական աշխատանք. նրանց մի մասը տեղական ինքնակառավարման մարմիններում վարչական կամ էլ պետական առկա կառույցներում այլ աշխատանքով է զբաղված, որոշ մասն էլ գյուղերում խանութ կամ կրպակ ունի: Հաճախ էլ որոշակի բարդույթներ ունենալու պատճառով չկարողանալով ինչպես հարկն է ինքնաարտահայտվել' մարզի երիտասարդները գործատուին պատշաճ կերպով չեն ներկայացնում իրենց գիտելիքներն ու կարողությունները: Այսպիսով' գործազրկությունն ու մյուս խնդիրները խթանում են ներքին ու արտաքին միգրացիան: Ըստ այդմ' մարզերի երիտասարդների մեծ մասն իր ապագան տեսնում է մարզից դուրս, հիմնականում' Երևանում, արտերկրում, լավագույն դեպքում' մարզկենտրոնում:
Ծնողներին միայնակ չթողնելու և ֆինանսների սղության պատճառով շատ երիտասարդներ պարզապես հարկադրված մնում են գյուղում' հնարավորության սահմաններում փորձելով բարելավել իրենց կյանքը: Այսպիսով, մարզային հիմնախնդիրները փոխկապակցված են՝ սկսած կրթություն ստանալուց, մինչև սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները: Այս ամենը տեղի է ունենում տեղական ինքնակառավարման մարմինների, ղեկավարների աչքերի առջև, որոնք ոչ մի քայլ չեն ձեռնարկում այս խնդիրները մեղմելու ուղղությամբ, սակայն ամեն ընտրություներից առաջ զոռբայությամբ փորձում են կառչել իրենց աթոռներց և վերարտադրել իշխանության վերին օղակը: Իսկ նոր ձևավորված կառավարությունը ամենօր խոսում է ՙՙԷֆեկտիվՙՙ աշխատանքների մասին: Այո, էֆետիվ աշխատանք է համարվում աղքատ երկրում իրականացնել լանամասշտաբ կարճատումներ, ավելացնել արտագաղթողների թիվը: Զարմանում եմ, այս բեմադրությամբ ինչի՞ է ուզում հասնել մեր իշխանությունը, հերիք է, ձեր էֆեկտիվ աշխատանքն այն կլիներ, որ գոնե մի քանի աշխատատեղ բացվեր մարզերում, զբաղվածության կնտրոներ, ոչ թե եղածն էլ կտրեք խեղճ ժողովրդից, հետո ասում եք մի արտագաղթեք: Արդյո՞ք մի քանի տարի հետո մարզերում կմնան երիտասարդներ, որոնց վրա կազդի այդ կիսահավանական տնտեսական աճը: Պատկան մարմիները պետք է ուշադրություն դարձնեն և այս հիմնախնդիրների ուղղությամբ մշակեն մարզային խնդիրների իրականացման ռազմավարություն, այլապես հապաղելու դեպքում կանգնելու ենք Հայաստանն առանց մարզերի խնդրի առջև:
Սիմոն Հակոբյան