Երեկ հերթական գերծանրաբեռնված օրն էր: Արդեն չեմ էլ հիշում թե հանրային տրանսպորտով ուր եմ գնում: Մեր հին, ավանդական գազելներից էր՝ կիսամաքուր, տեխնիկապես անսարք, անհարմար: Մեքենան կիսադատարկ էր, ես էլ վարորդի ետևում էի նստած: Կանգառներից մեկում երկու երիտասարդ նստեցին դիմացը: Հավանաբար նախաբանակային տարիքի էին: Նստեցին ու սկսեցին ակտիվ ինչ-որ բաներ քննարկել: Սկզբում ուշադրություն չէի դարձնում: Սակայն, երբ սկսեցին բանակային ծառայությունից խոսել, սկսեցի ականջի «պոչով» լսել: Ու դա շատ հետաքրքիր խոսակցություն դուրս եկավ:
Պարզ դարձավ, որ առաջիկայում գնալու են բանակ: Քննարկում են, թե ավելի լավ ե՞րբ է գնալ ծառայության՝ ձմռանը, թե՞ ամռանը, ե՞րբ է տեխնիկապես ավելի հեշտ և ամենակարևորը՝ ո՞ւր կուզենային գնալ ծառայելու:
Տղաներից մեկը ասում է. «Թե բա ընգերս ծառայըմ ա, ասում ա ամբողջ օրը չաստում հանգիստ նստած ենք, բան չկա անելու, խախանդ ա»:
Մյուսը հակադարձում ա. «Ու՞մ ա պետք էդ կարգի ծառայությունը: Ես կուզենամ գնամ առաջին գիծ: Բա հո չեմ լռվելու հետևներում: Համ էլ առաջին գիծ գիտես ընչի համար ես ծառայում»: Ընկերը պատասխանում ա. «Հաստատ: Ասում են ձև կա դիմում ես գրում վայենկամատ, որ քեզ հենց տանեն սահման: Ախպեր ես տենամ ոնց եմ անում պտի դիմումս գրեմ գնամ:»:
Այդ պահին աչքս ընկավ վարորդի հայելուն,տեսա նրա ժպիտը, հասակացա, որ ինքն էլ ուշադիր հետևում էր խոսակցությանը:
Տղաներից մեկը ասեց, որ վարորդը կանգնի կանգառում ու 200 դրամանոցը մեկնեց նրան: Վարորդը մի տեսակ նայեց տղային ու ասեց. «ես ձեր նման ապագա զինվոր լավ տղերքից փող չեմ վերցնում»: Չնայած տղաները փորձեցին ստիպել, որ գումարը վերցնի, բայց դե նա անդրդվելի մնաց:
Մի տեսակ ինձ շատ լավ զգացի, թե տղերքի, թե վարորդի համար ու մտքումս ասեցի, որ մեր պետության բախտը իրոք բերել է, որ նման մարդիկ են ապրում էս մեր երկրում...
Ալեն Ղևոնդյան