Անկանխատեսելի է պատերազմը, ու չգիտես, ում ինչ է վիճակված, ում համար ինչ բախտ է պահված։


Մատաղիսի զորամասում հարցուփորձ եմ անում ապրիլյան պատերազմի օրերին զոհված հերոսների կերպարի, մարտական դրվագների մասին, անուն առ անուն հիշում ենք բոլորին, ու եթե մոռանամ էլ, գիտեմ, որ կողքս նստած և պատերազմն ապրած զինվորները հաստա՛տ չեն մոռանա իրենց ընկերներին։


«Իսկ Գոռի դեպքը ո՞նց եղավ», հարցնում եմ շարքային Գոռ Կիրակոսյանի մասին։ «Գոռը «խազեյկի» շոֆերն էր, ապրիլի 5-ին, որ արդեն հայտարարել էին հրադադարի մասին, հաց էր տանում դիրքեր։ Երևի՝ մի կես ժամ էր անցել հրադադարից, բայց զգուշացրել էինք, որ մի քիչ սպասի՝ չգնա»։ «Ինչի՞, ի՞նչն էր խնդիրը»։ «Մեր պոստի դեմի թուրքի պոստում մի հատ մինամյոտչիկ կար, չէր հանգստանում շան տղեն, կրակում էր ու կրակում, ավտոյի ծուխ տենալուց ավելի արագ էր կրակում․ երևի՝ ընկերներ շատ էր կորցրել էդ օրերին։ Գոռին ասել էինք, բայց վռազեց, որ հացը հասցնի տղեքին։ Հասել էր դիրք, դիրքի ավագ Նարինյան Վլադիկը՝ Ղարաբաղի Մարտունուց, դուրս էր եկել, որ ընդունի, ականի պայթյունից հենց էդտեղ զոհվեցին տղեքը»։


Լսում ես ու մտածում, որ իրոք անկանխատեսելի բան է պատերազմը՝ մահվան ելքով վիճակախաղ, որ չգիտես, երբ կավարտվի։ Ու միակ բանը, որ տարբերում է պատերազմը մյուս վիճակախաղերից, նպատակի վեհությունն է՝ սեփական կյանքով մյուսներին կյանք ու շունչ ներարկելը։

 

Էլբակեան Էդգար