Հայաստանի պատմության թանգարանի ֆոնդերից ներկայացնենք մի բացառիկ պատկեր՝ Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու լուսանկարը, արված 1878 թվականին Հովհաննես Քյուրքչյանի կողմից: Սա Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մեզ հայտնի առաջին ֆոտոպատկերն է համարվում (ձախից՝ Շողակաթ եկեղեցին է):
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին՝ Էջմիածնի Մայր Տաճարի, Սուրբ Գայանե, Շողակաթ եկեղեցիների և Զվարթնոցի ավերակների հետ միասին ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Այն հիմնադրվել է 618 թվին, 1653-ին վերանորոգվել է և արևմտյան մուտքի դիմաց կառուցվել բաց գավիթ։ Հետագայում եկեղեցին շրջափակվել է աղյուսաշեն պարսպով և բուրգերով (1776), գավթի վրա կառուցվել է զանգակատուն (1790), շինվել են արևելյան և հարավային սրբատաշ քարե պարիսպները, բնակելի տունը, բակի օժանդակ կառույցները (1894)։
Լուսանկարիչ Հովհաննես Քյուրքչյանը (1851-1903) ծնվել է Երևանում, 1877-78 թթ. մասնակցել ռուս-թուրքական պատերազմին, որի ընթացքում տեսել և հիացել է քաղաքամայր Անիի ճարտարապետական կոթողների գեղեցկությամբ, որոշելով անպայման պատկերել այդ ամենը: Հայտնի է, որ Քյուրքչյանը Անիում բազմաթիվ լուսագրումներ է կատարել 1879 թ., ապա դրանց մի մասը ստերեոսկոպիկ քարտերի տեսքով հրատարակել 1880-ականների սկզբին:
Ռուբեն Շուխյան