Անկախ իր կամքից, մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի բենեֆիսը փառահեղ ստացվեց: Շղթայական անհաջողություններից հետո կարծես թե հասունացել էր հանրային պահանջ՝ հայկական ֆուտբոլում արմատական, ընդհուպ մինչև ֆեդերացիայի նախագահ, փոփոխություններ իրականացնելու համար: Չեռնոգորիայի հետ խաղի ժամանակ ֆորտունան լայն ժպիտով ժպտաց մեր հավաքականի տղաներին, երբ առաջին խաղակեսում 0:2 հաշվով պարտվում էր Հայաստանի հավաքականը, ոչ մի արտասովոր երևույթ չնկատվեց, արդեն կարծես թե սովորել էինք, որ հավաքականը պարտվում է, անհաջող ֆուտբոլ է ցուցադրում և այլ, իսկ այ երբ խաղը ավարտվեց 3:2 հաշվով հօգուտ Հայաստանի հավաքականի, ամեն ինչ այլ տեսք ստացավ:
Ես չեմ հավատում, որ անգամ համաշխարհային մասշտաբի մարզչի մակարդակով ինչ-որ մեկը ունակ է թիմում 4-5 օրվա ընթացքում իրականացնել այնպիսի փոփոխություններ, որ թիմը տևական ժամանակ անարդյունավետ խաղից հետո սթափվի: Այս համատեքստում Արթուր Պետրոսյանի դերը հավաքականի այս հաջողությունում դեռ վաղ է կարևորել, քանի որ առաջիկայում դեռ շատ անելիքներ կան, ինչը ամեն մարզչի կոպիտ ասած «խելքի բանը» չէ, իսկ եթե Արթուր Պետրոսյանը կարողնա արդարացնել ֆուտբոլասերների սպասելիքները և հայկական ֆուտբոլը կհանի այս ճահճից, միայն ուրախ կլինենք, սա պեսեմիստական դիտարկում չէ, այլ սառը դատելու ունակություն: Մյուսը, հավաքականի խաղը, ես չեմ կարծում, որ հավաքականը բոլորովին այլ ֆուտբոլ ցուցադրեց, նորից կային կոպիտ սխալներ, նորից ոչ կոմբինացված ֆուտբոլ, խոտանը շատ էր, դրա վառ ապացույցը առաջին խաղակեսի 2 անպատասխան գնդակներն էին, իսկ թե ինչ տեղի ունեցավ հետագայում ըստ իս շատ պարզ էր:
Բան չունեմ ասելու, 2-րդ խաղակեսում ինչ-որ չափով մեր հավաքականը կարգավորեց խաղը կենտրոնում և առաջնագծում, բայց այս անհավանական հաջողությունը միայն դրանով չէր պայմանավորված: Իմ կարծիքով Չեռնոգորիայի հավաքականը ժամանակից շուտ շտապեց տոնել հաղթանակը և թուլացրեց զգոնությունը, իսկ երբ արդեն մեր տղաների մոտ ինչ-որ չափով ստացվում էր խաղը, արդեն բավականին ուշ էր և անհնար դրան դիմակայելը: Դրա համար մի շատ լավ հայկական ասացվածք կա՝ «առուն չթռած հոպ մի ասա»: Մի խոսքով շատ ուրախ եմ մեր հավաքականի հաղթանակի համար, այս 3 միավորը շատ էր պետք մեզ և վերջապես հաղթանակը հուսով եմ կոգեշնչի մեր տղաներին հետագայում էլ ավելի բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրելու և հաղթանակներ տանելու համար:
Հ.Գ. Գոնե իմ կենդանության օրոք մի անգամ տեսնեմ, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մասնակցում է ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
Աշոտ Եսայան