ԱՄՆ-ի ընտրություններում հետաքրքիրը ոչ թե այն էր, որ հաղթեց օդիոզ Թրամփը, այլ որ ինչպես ամերիկացի, այնպես էլ միջազգային փորձագետների և մամուլի մեծ մասը կանխատեսում էին, որ դա քիչ հավանական է:

 


Այսինքն' համաշխարհային մեդիան և փորձագիտական հանրույթը, փաստորեն, դելետանտ են մի այլ կարգի, այնքան են սկսել հավատալ իրենց քարոզչությանը, որ կտրվել են իրական կյանքից, այլևս չեն ճանաչում սեփական և այլ հասարակություններին, սովորական մարդկանց, ծանոթ չեն մարդկանց իրական նախասիրություններին, խնդիրներին, պատկերացումներին:
Մեդիան և փորձագետները այնքան են վիրտուալացվել, դարձել ֆեյսբուքյան և թվիթերյան ֆեյքեր, որ չեն զգում սեփական հասարակությունների զարկերակը: Նրանց համար չափանիշ են դարձել կեղծ սոցհարցումները, սոցիալական ցանցերի տրամադրությունները, որոնք այնքան էլ կապ չունեն իրականության հետ:

 


Հիմա այդ նույն մամուլը և փորձագիտական հանրույթը պետք է ուսումնասիրի, թե ինչու ամերիկացիները ավելի շատ նախընտրեցին ռասիստ և կանանց հանդեպ սեռական ոտնձգություններ կատարած շոումեն բիզնեսմենին, այլ ոչ թե պրոֆեսիոնալ քաղաքական գործչին և դիվանագետին:

 


Ամեն դեպքում ԱՄՆ-ն այն երկիրն է (ի տարբերություն, օրինակ, Ռուսաստանի), որտեղ երկրի ղեկավարից ամեն ինչ չէ որ կախված է, և գուցե շատ քիչ բան է կախված: Երկրի ղեկավարն ընդամենը սիմվոլ է, իսկ իրական քաղաքականությունը ԱՄՆ-ի հիմնականում անփոփոխ է' անկախ նրանից, թե ով կլինի նախագահ:

 

Տիգրան Խաչատրյան