2015 թվականի փետրվարի հայտնի դեպքերը հիշում են բոլորը: Երբ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին սպառնաց, իսկ հանրապետականները, մեկը մյուսի հետևից լկտի և տգետ ձևակերպումներով սկսեցին ավել պակաս խոսել:
Հրանտ Մաթևոսյանն ասում է' ով ունի հիշողություն, նա մարդ է: Մարդն անասունից տարբերվում է հիշողություն ունենալով:
Մեր հայրենակիցներն ունեն հիշողություն և լավ կհիշեն, թե ինչ կատարվեց այդ օրերին: Սերժ Սարգսյանը հասկացավ, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ էր համախմբվել ողջ ժողովուրդը: Սոված, թշվառ, անարդարության մեջ մի կերպ իրենց գոյությունը քարշ տվող ժողովուրդը Գագիկ Ծառուկյանին ընդունում էր որպես փրկիչ: Ոչ ոք չի կարող ասել, որ դա այդպես չէ: Շախմատի օրենքներին լավ տիրապետող Սերժ Սարգսյանը հասկացավ, որ Գագիկ Ծառուկյանը ուզում է երկիրը հանել այս աղետալի վիճակից և որ Գագիկ Ծառուկյանի նման հեղինակությունը և ժողովրդական կոնսոլիդացիան նրա շուրջ, իրական սպառնալիք է Սերժ Սարգսյանի իշխանության համար:
Հիշենք, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ էին հավաքվել ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը: Ովքեր էին արյուն տենչում: ՀՅԴ-ն, ի սկզբանե դեմ արտահայտվեց արյանը:
Հետո, նույն ՀՅԴ-ն, որը արդեն հասցրել էր մի քանի անգամ լինել դիմադիր ու ընդդիմադիր, հասցրել էր մի քանի անգամ զանգ կախել ու ճառ ասել, ու ծափ տալ, միացավ Սերժ Սարգսյանի կուսակցությանը, ու այդ ամենը՝ հանուն փողի, պաշտոնի, հանուն իշխանություն ունենալու:
«Ժառանգությունն» էլ արյուն չէր ուզում: Եթե արյան մարմաջ լիներ, Րաֆֆի Հովհաննիսյանը կես միլոն աջակից ուներ, և 2013 թվականի փետրվարին կթափվեր արյունը: Արյուն ուզում էին ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ի ներսի «քոչարյանականները»: Քոչարյանականները, որոնք ձգտում էին արյան, դուրս եկան ԲՀԿ-ի կազմից, և «համախմբվեցին»: Արյուն ուզում էր նաև ՀԱԿ-ը: ՀԱԿ-ն արդեն համտեսել էր մարտի 1-ի արյունը: Այստեղ ուզում եմ հիշել ՀԱԿ-ի Լևոն Զուրաբյանի և համախմբված Վարդան Օսկանյանի գաղտնալսված խոսակցությունը, որտեղ Լևոն Տեր Պետրոսյանի աջ ձեռք Լևոն Զուրաբյանը Ռոբերտ Քոչարյանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին ասում է, թե բա կասեն «Մարտի մեկ, եսիմինչ»:
Այո, ուզեք' չուզեք, նրանց համար մարդկանց արյունը ձեռընտու է, որպեսզի իրենց միտինգային ելույթները ավելի ոգեշունչ լինեն, որպեսզի նրանք ամեն ինչում մեղադրեն բոլորին, բացի մարդկանց:
Գագիկ Ծառուկյանը այդ օրերին կայացրեց ամենախոհեմ որոշումը: Նա թույլ չտվեց, որ թափվի արյուն: Եթե արյուն թափվեր, Հայաստանն արդեն կկործանվեր, որովհետև թափվող արյունը խժռելու էր բոլորին: Գագիկ Ծառուկյանը հեռացավ՝ փրկելով Հայաստանի Հանրապետությունը, բայց կվերադառնա, որպեսզի զարգանա Հայաստանը, ու լավ ապրի հայ մարդը: Արդեն պարզ է, որ Գագիկ Ծառուկյանը որոշել է վերադառնալ, որովհետև ժողովուրդն ունի նրա կարիքը, որովհետև մարդիկ հույս են կապում նրա հետ, որովհետև նա իշխանությունների նման սուտ չի խոսում, որովհետև դաշնակների նման ծափ չի տալիս, որովհետև ՀԱԿ-ի ու համախմբվածների նման արյուն չի ուզում, որովհետև սիրում է մարդուն, քաղաքացուն, որովհետև… Հազար ու մի որովհետև:
Արսեն Սանամյան