Սաուդյան Արաբիան հայտարարություն է տարածել, որ Եմենի հութիները հրթիռ են արձակել մուսուլմանների սրբատեղիներից մեկի՝ Մեքքայի ուղղությամբ: Հրթիռը խոցվել է արաբական կոալիցիոն ուժերի կողմից քաղաքից 65 կմ հեռավորության վրա, որից հետո պատասխան կրակ է արձակվել Եմենի այն հատվածի ուղղությամբ, որտեղից ուղարկվել էր հրթիռը:
Սաուդական զինուժը մեղադրում է Իրանին և Հիզբալլահին՝ ասելով, որ վերջիններն են սովորեցնում հութիներին կիրառել նման կարգի հրթիռներ:

 


Հութիների ԶԼՄ-ներում հաստատվել է Սաուդյան Արաբիայի տարածքի հրթիռակոծության փաստը, սակայն նշվել էր, որ թիրախը եղել է Ջիդդայի միջազգային օդանավակայանը:

 


Վերոնշյալից կարելի է ենթադրել, որ
1. սաուդներ-հութիներ հրադադարի մասին դեռ վաղ է խոսել:
2. հութիները դեռևս ի զորու են հրթիռակոծել Սաուդյան Արաբիայի տարածքը, այն էլ ոչ թե սահմանամերձ շրջանները, այլ երկրի տարածքի խորքում գտնվող թիրախները:

 


3. ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունը միտված է սուննի-շիա հակասությունների խորացմանը: Արաբական որոշ համացանցային ռեսուրսներ մեղադրել են շիաներին (Իրան, Հիզբալլահ և այլն): Բացի դա, մուսուլմանական աշխարհի կարևորագույն սրբատեղի համարվող Մեքքայի հրթիռակոծումը վերագրվում է հենց շիաներին (շիա հութիներին). տարածվող տեղեկություններում կարծիքներ են հնչում, որ նման միջադեպերը չեն կարող անտարբեր թողնել այնպիսի մուսուլմանական (սուննի) երկրի՝ ինչպիսին օրինակ Պակիստանն է և այլն:

 

Սարգիս Գրիգորյան