Հոկտեմբերի 20-ին' ժամը 23:00-23:30 ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր:


Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել իրենց ելման դիրքեր:


Դիվերսիոն խմբին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:
Բացի դիվերսիոն ներթափանցման փորձերից հակառակորդը հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2800 կրակոց: Հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (200 կրակոց):


Ադրբեջանական դիվերսիան համընկավ Ալիևի այն հայտարարության հետ, որ Ղարաբաղը երբեք չի լինելու անկախ կամ Ադրբեջանի կազմից դուրս, իսկ առավելագույնը ինչ կարող են տրամադրել արցախցիներին դա ինքնավարությունն է: Ադրբեջանի իշխանությունները թքած ունեն թե Մադրիդյան կամ Կազանյան փաստաթղթի, թե Մինսկի խմբի ջանքերի վրա՝նրանք հստակ իրենց առջև նպատակ են դրել գրավել Արցախը՝բնաջնջել տեղի բնակչությանը, քանի որ արցախցիները երբեք չեն համակերպվի կրկին բնակվել Ադրբեջանի կազմում, իսկ հայկական կողմերը պետք է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրեն:


Բանակցային գործընթացից դուրս գալը կդիտվի որպես casus belli ու Բաքուն բոլոր մեղքերը կբարդի հայկական կողմերի վրա, որ նրանք լքեցին բանակցային սեղանը: Սակայն այդպիսի լկտիությունը Ադրբեջանի կողմից պայմանավորված է ապրիլյան իրադարձություններով՝գրավված կարևորագույն ռազմավարական դիրքերով ու շարունակական զինմամբ:


Նրանք հասկանում եմ միայն զենքի ուժը՝փաստաթղթեր, բանավոր պայմանավորվածությունները նրանց վրա ոչ մի ազդեցություն չեն գործում ու միֆեր են այն հայտարարությունները, թե Մոսկվայից, Բրյուսելից ու Վաշինգտոնից կզանգահարեն ու Ադրբեջանը պատերազմ չի սկսի: Բաքուն սկսելու է պատերազմը՝այն երբեք չի էլ դադարել, երբ հնարավորություն ունենա՝ապրիլին որսալով պահը գնաց սադրանքի, երբ հաջորդ անգամ զգա՝նույնպես գնալու է այդպիսի ռազմական բախումների:


Հայկական կողմը պետք է հայտարարի, որ Ադրբեջանի այսպիսի պահվածքը ենթադրում է բանակցային սեղանին այլ փաստաթղթի քննարկում՝հայկական դիրքորոշումը պետք է դառնա ավելի անզիջող՝տարածքնեի առումով ու առաջ մղվի առաջին պլան հայ փախստականների հարցը, որոնք Բաքու,Կիրովաբադ ու Սումգայիթ վերադառնալու հնարավորություն չունեն՝այս պարագայում նրանք կարող են վերադառնալ հենց յոթ կամ հինգ շրջաններ, որոնք փորձում են հանձնել՝ինչ-որ անորոշ ու լղոզված կարգավիճակի դիմաց:
Իսկանդերներն ու առաջնագծում ամրաշինական, խրամատ փորելու գործընթացն Ադրբեջանին հետ չեն պահում դիվերսիոն գործողություններից՝ի՞նչ է դիվերսիոն գործողությանը ՀՀ-ը պատասխանելու է Իսկանդերով հարվածելով նավթագազամուղերին կամ Բաքվին՝իհարկե ոչ: Արցախում ադրբեջանցիները կիրառելու են մանր սադրանքների քաղաքականությունը՝մինչև ստանան ռազմական բալանսի այնպիսի կտրուկ փոփոխություն հօգուտ իրենց, որ սկսեն լայնամաշտաբ հարձակում:

 

Արտյոմ Բալասանով