Վերջին օրերին մի նոր լրատվական աղմուկ բարձրացավ' կապված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի հետ, որը պետք է ռոտացիոն սկզբունքով զբաղեցներ Հայաստանի ներկայացուցիչը : Փորձ արվեց սա ներկայացնել որպես հերթական դավադրություն Հայաստանի դեմ, ՀԱՊԿ-ում Հայաստանի դերի անտեսում և այլն: Սակայն եթե սթափ վերլուծելու լինենք իրականությունը, ապա պատկերը հետևյալն է.
Նախ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ըստ էության ոչինչ չի որոշում, քանի որ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող հարցերը քննարկվում և լուծվում են կոլեգիալ սկզբունքով' անդամ երկրների բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության համաձայնությամբ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, իհարկե, շատ հստակ գործառույթներ և պատասխանատվության չափաբաժին ունի, որը պարտավոր է իրացնել ի պաշտոնե, սակայն դրանք հիմնականում առնչվում են կազմակերպության ընթացիկ աշխատանքների կազմակերպմանն ու համակարգմանը, և հազիվ թե ՀԱՊԿ անդամ երկրների համար շատ էական լինի, թե որ երկրի ներկայացուցիչը կզբաղեցնի այդ պաշտոնը' առավել ևս, որ ՀԱՊԿ-ը դեռ երկու տարի առաջ որոշում է կայացրել գլխավոր քարտուղարներ նշանակել բոլոր անդամ երկրների ներկայացուցիչներից' ռոտացիոն սկզբունքով:


Իսկ նշանակման հետաձգումը, կարծում եմ , պայմանավորված է ՀԱՊԿ առանցքային դերակատար Ռուսաստանի Դաշնության և ՆԱՏՕ-ի միջև լարվածության աճով, և այս փուլում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները նպատակահարմար գտան, որ արդեն գլխավոր քարտուղարի պաշտոնում աշխատանքային փորձ և հմտություններ ունեցող Նիկոլայ Բորդյուժան որոշ ժամանակ ևս շարունակի պաշտոնավարել' մինչև լարվածության որոշակի թուլացումը: Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի բացակայությունը, կարծում եմ , հարցի հետաձգման համար ավելի շատ որպես առիթ կարող էր ծառայել, քան թե պատճառ, քանի որ այդպիսի հարցերը անդամ երկրների ղեկավարները սովորաբար համաձայնեցնում են վաղօրոք:


Հ.Գ. Մեր իրականությունը զերծ չէ խնդիրներից, բայց շատ հաճախ իրական խնդիրները անտեսվում են, իսկ դրա փոխարեն, որպես «խնդիր» լրատվական խողովակներով հրապարակ են նետվում «կեղծ»' ապակողմնորոշող և իրականության հետ ոչ մի կապ չունեցող թեզեր: Ընդհանրապես, պետք է գիտակցենք խնդիրները ճիշտ տեսնելու, ձևակերպելու կարևորությունը, այլապես դրանք երբեք չեն լուծվի:

 

Հայկ Արամյան