Քաղաքական ժամանակն էականորեն տարբերվում է ֆիզիկական ժամանակից, այսինքն՝ այն կարող է «արագանալ» կամ «դանդաղել»՝ կախված այն բանից, թե քաղաքական ինչպիսի գործընթացներ են տեղի ունենում: 2016 թվականը դեռ չի ավարտվել, բայց այն Հայաստանի համար լի էր մի շարք որոշիչ քաղաքական իրադարձություններով, որոնք արագացրեցին ակնկալվող քաղաքական գործընթացները: Ապրիլյան պատերազմը, հետո նաև Սասնա Ծռերի գործողությունները ցույց տվեցին մեր քաղաքական համակարգի բազմաթիվ խոցելի կողմերը: Եւ այս համատեքստում, 2017-ի խորհրդարանական ընտրությունները մեծ մարտահրավեր են քաղաքական համակարգի համար:

 


Մինչ խորհրդարանական ընտրությունների սկսելը, արդեն հայտնվել են նոր ուժեր, հները ձևափոխվել են, որոշներն էլ, անցնելով ՏԻՄ ընտրությունների «փորձաշրջանը», գնահատում են իրենց ուժերի կարողությունը: Արդյոք քաղաքական դերակատարները, ինչպես նաև հանրությունը կարող են ակնկալել, որ գալիք խորհրդարանական ընտրությունները կարող են բերել դրական փոփոխություններ, թե կրկին ականատես կլինենք քաղաքական վերարտադրությունների բառի շատ բացասական իմաստով:

 

Իշխանություն ստանձնած քաղաքական ուժը, գրեթե մենաշնորհային ձևով իր ձեռքում կենտրոնացնելով բոլոր ռեսուրսները, փորձում է պահպանել գերակա իր դիրքը մնացած քաղաքական ուժերի նկատմամբ, մինչդեռ մնացած կուսակցությունները, ունենալով ռեսուրսներից օգտվելու շատ սահմանափակ հնարավորություններ, մի քանի անգամ ավել ջանք պետք է կիրառեն էական հաջողություն գրանցելու և խորհրդարանում իրենց ներկայությունն ապահովելու համար:

 


Միաժամանակ քաղաքական մրցապայքարում խաղի կանոները բոլոր ուժերի համար նույնը չեն: Եթե իշխող քաղաքական ուժը և նրա արբանյակ կուսակցություններն ունեն ընտրակեղծարարության իրավունքի մենաշնորհը, ապա մնացած ընդդիմադիր ուժերը պետք է իրենց մրցապայքարը իրականացնեն միմիայն օրինականության շրջանակներում: Երրորդ Հանրապետության գոյության ընթացքում ընդդիմադիր կուսակցությունները քիչ, թե շատ ներկայացված են եղել խորհրդարանում, բայց չեն առանձնացել իրենց արդյունավետությամբ՝ ամենատարբեր պատճառներով, և իշխանությանը ձեռնտու է եղել ունենալ կառավարելի և արդյունավետությամբ աչքի չընկնող ընդդիմություն: Դեռևս չի հաղթահարվել նաև քաղաքական ուժերի, ինստիտուտների և քաղաքական գործընթացների հանդեպ գլոբալ անվստահությունը:

 


Քաղաքական դաշտի լիարժեք առողջացման համար առաջնային
խնդիր է դառնում իշխող ուժին հակակշիռ բևեռի ձևավորումը: Բայց միաժամանակ նորություն չէ, որ ընդդիմությունը գործում է պառակտված, ինչն էլ իր հերթին նպաստում է իշխանության դիրքերի ամրապնդմանը: Այս դեպքում կարևոր է դառնում հենց այդ ուժերի եղած ռեսուրսների անաչառ գնահատումը, ճիշտ օգտագործումը և արդյունավետ կառավարումը:

 


Ներկայում քաղաքական դաշտի դինամիկան կարող է էականորեն և արդյունավետորեն փոխվել, եթե հայտնվեն քաղաքական այնպիսի ուժեր, որոնք ոչ միայն չեն կրկնի նախորդների սխալները, այլև նոր մոտեցումներով և տեսլականներով գործնականում ցույց կտան դրական փոփոխությունների կարևորությունը և անհրաժեշտությունը:

 

Արմինե Գևորգյան