Վստահաբար, մի քանի հազար քաղաքացիների բաց նամակները, խորհրդարանի իմ մի քանի տասնյակ գործընկեր պատգամավորների արձագանքը, ժողովրդի շահի պաշտպանության շարունակության պահանջվածությունն ունեցան չափազանց էական ազդեցություն պատգամավորական մանդատս վայր դնելու որոշման վրա: Խորհրդակցությունների շարք եմ ունեցել խորհրդարանական գրեթե բոլոր ուժերի ղեկավարների ու ներկայացուցիչների հետ և չափազանց բարձր եմ գնահատում հարգարժան գործընկերներիս կամեցողությունն ու զորակցությունը:
Ըստ էության ցանկանում եմ նշել, որ իմ ու թիմակիցներիս նկատմամբ քաղաքական պայքարի նորմերից դուրս արված հակառակորդների հարվածները իրենց նպատակակետին չհասան: «Գոտկատեղից ներքև», անձնական վիրավորանքներով և մեր ազգին անհարիր կերպով ընտանիքներին ու հարազատներին վիրավորող մեթոդներով գործողները նենգ ու թույլ մարդիկ են, իսկ նրանց օգտագործողները ուղղակի թույլերի թիկունքում թաքնվողներ: Վերջին շրջանում իմ նկատմամբ կիրառվող այդ բոլոր մեթոդների հեղինակները թող իմանան, որ ժողովրդանպաստ ելույթները, օրենսդրական նախաձեռնությունները, քվեարկություններն ու ամենօրյա աշխատանքը խորհրդարանում շարունակելու եմ:
Իսկ հաջորդիվ նպատակահարմար եմ գտնում մեծ ու ժողովրդականություն վայելող այնպիսի մի քաղաքական թիմի հետ միավորումը, որում լուրջ պոտենցիալի առկայությունը շրջադարձ կբերի հայաստանյան իրականության մեջ: