Վիտամին C-ն (ասկորբինաթթուն) բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, նվազեցնում է շնչուղիների հիվանդությունների հավանականությունը, կարգավորում մազանոթների թափանցելիությունը' նպաստելով ողջ անոթային համակարգի առաձգականության բարելավմանը։


Այս վիտամինը բարերար ացդեցություն ունի կենտրոնական նյարդային համակարգի վրա, խթանում է էնդոկրին գեղձերի գործունեությունը, նպաստում օրգանիզմի կողմից երկաթի յուրացմանն ու արյան արտադրմանը, արգելակում է քաղցկեղածին նյութերի գոյացումը։. ՎիտամինC-ի մեծ քանակությամբ օգտագործումը շատ օգտակար է շաքարային դիաբետով հիվանդների, ծխախոտամոլությամբ տառապողների, հակաբեղմնավորիչ դեղահաբեր օգտագործող կանանց, ինչպես նաև մարսողական համակագի հետ խնդիրներ ունեցող տարեցների համար։


Օրգանիզմում վիտամին C-ի անբավարար քանակը արտահայտվում է հետևյալ համախտանիշներով. մշտական հոգնածություն, լնդերի արյունահոսություն, տարբեր վարակների դեմ օրգանիզմի դիմադրողականության ընդհանուր անկում։


Վիտամին C-ի սուր անբավարարության դեպքում կարող է առաջանալ լնդախտ՝ ցինգա, որն ախտորոշվում է այտուցի, արյունահոսության և ենթամաշկային կետավոր արյունազեղումների առկայությունով։ Վիտամին C-ի չափից ավելի օգտագործումը կարող է առաջացնել լյարդի և ենթաստամոքսային գեղձի գործունեության խանգարում։


Վիտամին C են պարունակում է մասուրը, հոնը, սև հաղարջը, չիչխանը, ցիտրուսային մրգերը, կարմիր պղպեղը, մաղադանոսը, կանաչ սոխը, սամիթը, կաղամբի բոլոր տարատեսակները, կարտոֆիլը, բանջարային տերևուքը, շաղգամը, գոնգեղը, ինչպես նաև որպես դեղաբույս ծառայող եղինջը և անտառապտուղները։
Վիտամին C-ի պարունակության օպտիմալ քանակի պահանջը չափահասի համար 55-100 մգ է, հղի և կրծքով կերակրող կանանց համար' 70-80 մգ, մինչև 1 տարեկան երեխաների համար' 30-40 մգ։
Վիտամին C-ն անկայուն վիտամինների շարքին է դասվում։ Այն քայքայվում է բարձր ջերմաստիճանում' մետաղների հետ շփումից։

Երկարատև թրջած վիճակում գտնվող բանջարեղենից վիտամին C-ն փոխանցվում է ջրին ու արագ օքսիդանում։ Եվ ընդհանրապես, պահեստավորված մրգերի, հատապտուղների և ընդեղենի վիտամին C-ի պարունակությունը արագ նվազում է։


Օրինակ 2-3 ամիս պահեստավորվածներինը կրկնակի չափով քայքայված է։ Իսկ ձմռան ամիսներին վիտամին C-ի պարունակությունը ավելի բարձր է թթու դրած կաղամբում' մինչև 35%։ Այս վիտամինը առավել քայքայման է ենթարկվում ջերմամշակման պարագայում (քայքայվում է պարունակության 90%-ը)։ Օրինակ, սառը ջրի մեջ ընկղմված կեղևահանված կարտոֆիլը եփելու ընթացքում կորցնում է վիտամինի 30-50% պարունակությունը, տաք ջրի մեջ ընկղմվածը՝ 25-30%-ը, ապուրների մեջ եփվածը՝ 50%-ը։ Այնպես որ վիտամինի առավել քանակը պահպանելու նպատակով եփելիս խորհուրդ է տրվում բանջարեղենը միանգամից ընկղմել եռացող ջրի մեջ։ Առավել օգտակար է կարտոֆիլը եփել կեղևով, քանզի վիտամինային պարունակությունը նվազում է կիսով չափ ավելի քիչ, քան կեղևված վիճակում եփելիս։


Մարդկային օրգանիզմը, ի տարբերություն կենդանիների օրգանիզմի, ի վիճակի չէ ո՛չ պահեստավորել, ո՛չ էլ սինթեզել վիտամին C, այդ իսկ պատճառով դրա անհրաժեշտ քանակությունը ստանում է սննդամթերքի՝ հիմնականում բանջարեղենի, մրգերի և հատապտուղների միջոցով։ Անհրաժեշտ է հիշել, որ բնական աղբյուրներից ստացված վիտամին C-ն օրգանիզմի կողմից ավելի լավ է յուրացվում, քան սինթետիկ ճանապարհով ստացվածը։

 

Վրեժ Հովսեփյան