Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխան նամակ է հղել գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Չկենտրոնանալով նամակների դետալների վրա' ուղղակի փորձենք դուրս բերել նամակագրությունից ստացված հիմնական արդյունքները:
Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան վերջին նամակագրությունից կարելի է եզրակացնել, որ կողմերը փոխադարձ նամակներով համաձայնեցրեցին երկխոսություն սկսելու ընդհանուր օրակարգը՝ հիմքում ունենալով Ր. Հովհաննիսյանի գրավոր առաջարկներն ու Սերժ Սարգսյանի համապատասխան նկատառումները:
Երկրորդ, չնայած այն հանգամանքին, որ Ր. Հովհաննիսյանը վերահաստատում է իր պատրաստակամություն՝ հանդիպելու Սերժ Սարգսյանի հետ, այնուամենայնիվ Ր. Հովհաննիսյանը «պնդում» է հանդիպումը Ազատության հրապարակում անցկացնելու մասին: Իսկ սա նշանակում է, որ քննարկումը քաղաքական հարթություն վերադարձնելու հարցը հետաձգվում է:
Երրորդ, Նախագահն արդեն իսկ հայտարարել էր, որ Ազատության հրապարակն այն վայր չէ, որտեղ կարելի է լուրջ քննարկումներ ունենալ և ամենայն հավանականությամբ, հենց այդ պատճառով էլ, Րաֆֆի Հովհաննիսյանը' որպես «պահեստային» տարբերակ, առաջարկել է քննարկումը շարունակել նամակագրության ձևաչափով, ինչն անշուշտ չի կարող ունենալ այն արդյունավետությունն ու հստակությունը, ինչին կարելի է հասնել անմիջական հանդիպումների դեպքում: Ավելին, եթե նույնիսկ այդ ձևաչափով երկխոսություն ծավալվի, ապա այն բավականին դանդաղ ընթացք կունենա: