ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանը Facebook սոցցանցի իր էջում գրում է.
Անշուշտ, շնորհակալ եմ, որ հրավիրված էի Հայկական հեռուստատեսության 60-ամյակին նվիրված երեկոյին: Իհարկե, ուրախ եմ, որ Հանրայինը տեխնիկապես վերազինվում է, շենքը ճաշակով վերանորոգել են: Այդ ամենը շատ լավ է..
Բայց թող մի քիչ խիտ նստեյին, նույնիսկ կանգնած մնային շատերը, թող կոնյակը ոչ բոլորին հասներ... Բայց բոլորը հրավիրված եւ ներկա լինեյին: Բոլորը, որոնց կյանքը հեռուստատեսությունն էր: Հատկապես նրանք, ովքեր անկախ Հայաստանի հեռուստատեսության կայացման էն ծանրագույն տարիներին ոտքով էին բարձրանում Նորք, ցրտահարված շենքում տեքստեր էին պատրաստում, հաղորդումներ նկարահանում, մոնտաժում կյանքից ձեռք քաշած տեխնիկայով, որը ոչ մի ձեւ չեր համաձայնվում աշխատել 40 հերց հաճախականության պայմաններում: Որոնք չփախան տելե-ից, որոնց աշխատանքի դիմաց 93-94-ի ձմեռը 8-10 հազար դրամ էին ստանում: Որոնք եսիմ ինչ ճանապարհներով Ղարաբաղ էին գնում-գալիս, որ կարողանանք Արցախի պատերազմի պատկերը տալ:
Ոչ հրավիրեցին, ոչ հիշեցին, տասնյակ նվիրյալ մարդկանց վիրավորեցին: Տխուր ա: Մեր պատմությանը, մեր հիշողությանը, մեր արժանավորներին այդպես չի կարելի վերաբերվել...