Վերջերս Սիրուշոն նոր տեսահոլովակ թողարկեց, որտեղ նա՝ որպես շատ հայրենասեր աղջիկ, հայ մարտիկներին քաջալերող տրամադրություններով ներկայացավ: Շատ լավ բան է արել, դե իհարկե, պետք է ոգևորել մեր մարտիկներին, մեր պաշտպաններին, բայց կարծում եմ Սիրուշոն այս քայլով արեց այն նույնը, ինչն անում էին շատ շատերը ապրիլյան պատերազմի օրերին, երբ զինվորական հարդերձանքներով սելֆի էին անում ու այդպիսով իրենց հռչակում հայրենասեր: Մեկը հարցներ. ինչ կապ ունես դու, Սիրուշո՛, զինվորական այս համազգեստի հետ: Դու արդեն 20 տարի է բեմի վրա ես, բայց քո կյանքում (չհաշված 7-8 տարեկան հասակում մի երկու կատարում Երգի պետական թատրոնի շրջանակներում) երբեք ու ոչ մի առիթով ոչ մի զորամասում ելույթ չես ունեցել: Ավելին՝ դու միակ արտիստն ես մեր հայկական շուբիզնեսում, ով երբեք ու ոչ մի անգամ Արցախում ելույթ չի ունեցել: Դու խոսում ես հայրենասիրության մասին, բայց չգիտես ինչու՝ գերադասում ես ապրել հայրենիքից հեռու, դու ասում ես, որ արտագաղթը պիտի վերանա, բայց երկու երեխա ես ունենում ԱՄՆ-ում, որպեսզի երեխաներդ չկրեն այս ՛՛խղճուկ՛՛, ՛՛աղքատ՛՛, ՛՛անհեռանկար՛՛ ու թալանված (որովհետև լավ ես ճանաչում թալանողներին) երկրի քաղաքացիությունը: Ապրիլյան օրերին մեր ազգը ուշի ուշով հետևում էր քո և քո ընտանիքի մյուս անդամների պահվածքին: Դուք լուռ էիք՝ մեծից փոքր: Ու անգամ երբ ամբողջ աշխարհը ուղղվեց դեպի Արցախ, երբ իրեն հարգող ամեն հայ իր պարտքը համարեց մի բանով օգնել Արցախին, գնալ Արցախ՝ քո արցախցիներից կազմված ընտնիքից ոչ ոք դա չարեց: Այդ դեպքում հիմա ու՞մ է պետք քո այս կեղծ պահվածքը: Չնայած՝ եթե դու զինվորական համազգեստով նկարվում ես միայն նրա համար, որ ներկա պահին այն ամենահարգվածը, ամենասիրվածն ու ամենա”թրենդայինն” է՝ դա արդեն ուրիշ բան… դա արդեն կոչվում է սպառողի վրա աշխատել, բայց ոչ հայրենասիրություն: Դա արդեն կոչվում է բիզնես՝ ՇՈՈՒ բիզնես:

 

Լիլիթ Վանեցյան