«Կավռօշին զատիկը» օրացույցի տիտղոսաթերթը, «Օննիկ Բարսեղեան և որդիներ» տպարան, Ղալաթիա, Կ.Պոլիս, 1919 (նկարը՝ Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան էջից): Ուշագրավ է, թե ինչպես է ներկայացված նորանկախ Հայաստանի հավաքական կերպարը. Արարատ լեռան և ավերված երկրի պատկերին՝ ձվից դուրս եկող Ազատությունն է՝ ձեռքին հայկական եռագույնը: «Կավռօշ»-ը՝ երգիծական պարբերական էր, որը հրատարակվում էր Պոլսում Երվանդ Թոլայանի կողմից:
Երվանդ Թոլայան (1883-1937), կեղծանունը՝ Կավռօշ (Գավրոշ). հայ երգիծաբան, խմբագիր, դերասան։ Ծնվել է Պոլսում, անվանի թարգմանիչ և խմբագիր Հովհաննես Թոլայանի ընտանիքում։ Կրթությունը ստացել է Պոլսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ ուսումնարանում։ Դարասկզբից պոլսահայ մամուլում տպագրել է կենցաղային հարցեր շոշափող երգիծական երկեր։ Օսմանյան սահմանադրության հռչակումից հետո խմբագրել և հրատարակել է «Կավռօշ» երգիծական պարբերականը։
Մեծ եղեռնի տարիներին ընդհատել է այն, այնուհետև վերահրատարակել մինչև 1925-ը: 1926-ին Պոլսից տեղափոխվել է Փարիզ, որտեղ շարունակել է հրատարակչական աշխատանքը և «Կավռօշ» երգիծաթերթին զուգընթաց հրատարակել է նաև օրացույցեր և տարեգրքեր։ 1918-1922 թթ. խաղացել է Պոլսի, 1926-1936 թթ.՝ Փարիզի հայկական թատրոնների ներկայացումներում: 1932-ին եկել է Երևան, գրել պոլսահայ գրական-թատերական կյանքի անցուդարձի վերաբերյալ «Կավռօշնամէ» ընդարձակ հիշողությունները, որոնք պահպանվում են Հայաստանի գրականության և արվեստի թանգարանում։ 1937-ին անհիմն բռնադատվել և գնդակահարվել է, հետմահու արդարացվել։
Ռուբեն Շուխյան