Հայաստանի անկախ պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի դիմանկարը... Արամ Մանուկյան. ծնվել է 1879 թ. Զեյվա գյուղում (այժմ՝ Սյունիքի մարզ, գյուղ Դավիթ Բեկ), մահացել է 1919 թ. Երևանում, թաղված է Երևանի Կենտրոնական (Թոխմախի) գերեզմանատանը:
Արամ Մանուկյանը կազմակերպել և ղեկավարել է 1915 թ. Վանի հերոսամարտը, իսկ հաղթական ավարտից հետո ղեկավարել է Վանի հայկական ինքնավար նահանգապետությունը, որը գոյատևել է 70 օր՝ անկում ապրելով ռուսական զորքերի անակնկալ և չպատճառաբանված հեռանալուց հետո։ Ռուսական զինուժի նահանջի ժամանակ կազմակերպել է Վասպուրականի հայության (ավելի քան 200 հազար մարդ) գաղթը դեպի Արևելյան Հայաստան։
Արամ Մանուկյանը հանդիսանում է Հայաստանի անկախ պետականության հիմնադիրը: Հայրենիքի համար օրհասական պահին ստանձնելով դիկտատորի պարտականությունները, նա արտակարգ իրավիճակ է հայտարարում երկրում և կարճ ժամանակամիջոցում կարողանում է միավորել հայկական ցաքուցրիվ զորախմբերը Երևանի շուրջը՝ մեծագույն ջանքերի շնորհիվ կազմակերպելով Սարդարապատի հերոսամարտի հաղթանակ ավարտը: 1918 թ. մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո Արամ Մանուկյանը փաստացի ղեկավարել է երկիրը մինչև 1918 թ. հուլիսի 23-ը, երբ Երևան ժամանեց Թիֆլիսում ստեղծված Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ։
Ռուբեն Շուխյան