ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև.

 

«Սեպտեմբերի 6-9 Կրինիցայում էի՝ Լեհաստանում։ Այս տարվա տնտեսական ֆորումի մասնակիցների ընդհանուր թիվը 7000 մարդ էր։ Ահա ֆորումի հիմնական քաղաքատնտեսական արդյունքները։

 

1. Ըստ էության ձևավորվում է Կենտրոնական Եվրոպայի երկրների ենթամիություն (Լեհաստան, Չեխիա, Հունգարիա, Սլովակիա և Ուկրաինա)։

 

2. Արևմտյան Եվրոպայից շատ արտադրություններ տեղափոխվում են այստեղ (այս երկրներում բացակայում է կրոնական ծայրահեղականությունը)։

 

3. Խոշոր ընկերություններն արագորեն տրոհվում են բազում մանր ու միջին ձեռնիարկությունների։

 

4. Լեհաստանն ու Չեխիան հիմնական տնտեսական ցուցանիշներով արագորեն մոտենում են արևմտաեվրոպական երկրներին։

 

Ունենալով խնայողությունների ու կուտակումների ավելի բարձր մակարդակ՝ կարելի է ասել, որ նրանք մեծ ապագա ունեն։

 

Ես ելույթ եմ ունեցել գիտական զեկուցումով. արևելաեվրոպական գործընկերության երկրների համեմատական վերլուծությունը։

 

Ինչպես հայտնի է, այդ 6 երկրներից 3-ը (Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան) ստորագրել են ԵՄ հետ ասոցիացման համաձայնագիրը, 2-ը (Հայաստան և Բելառուս) միացել են ԵԱՏՄ-ին և 1-ը (Ադրբեջան) չեզոք է մնացել։ Առաջին երեքի մակրոտնտեսական ցուցանիշները վատն են (բացի Վրաստանից)։ ԵԱՏՄ երկրների ցուցանիշները շաաատ վատն են։ Հիմնական պատճառը. բլոկներին միացած

 

5 երկրները դարձել են տնտեսական ծայրամաս. առաջին 3-ը ԵՄ երևելյան ծայրամասն են, իսկ մյուս երկուսը ԵԱՏՄ արևմտյան ծայրամասն են։ Բացի այդ ԵԱՏՄ ունի միտում դառնալու ռուս-թյուրքական տնտեսական տարածք Եվրասիա մայրցամաքում՝ Եվրոպա - Չինաստան (նաև Ճապոնիա և Կորեա) առևտուրը միջնորդելու հավակնությամբ։ Լուծում. հետագա տնտեսական անկումից խուսափելու համար ԵՄ և ԵԱՏՄ միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումն անհրաժեշտություն է։

 

Հ.Գ. Ադրբեջանից մի քանի տասնյակ մարդ կար։ Դրանցից Ազիմ Մոլազադեն և Նազիմ Մամեդովը պահանջում էին, որ ինձ ձերբակալեն (իբրև հայկական միջուկային զենքի կնքահոր) և պատժեն (ինչպես Սադամ Հուսեյնին)....»։