Թուրքիայի դերը տարածաշրջանում բարձրանում է. սա փաստ է, որի վրա չի կարելի աչք փակել, անտեսել։ Չնայած հայ փորձագիտական մի շարք օղակներ պնդում են թե ռազմական հեղաշրջումը հարված էր Թուրքիայի ինչպես ներքին կայունությանը, այնպես էլ արտաքին աշխարհում նրա դերին, այնուամենայնիվ քաղաքական զարգացումները գոնե վերջին պնդման շուրջ հակառակի մասին են վկայում։

 


Այո, ռազմական հեղաշրջումը և թուրքական բանակի բարձրաստիճան սպայական կազմի գլխատումը ազդեցին թուրքական բանակի պրոֆեսիոնալիզմի վրա, որը վերագտնելու համար այս երկրի քաղաքական ղեկավարությունից դեռ երկար ժամանակ կպահանջվի, բայց մի բան հստակ է, ռազմական հեղաշրջման ձախողմանը զուգընթաց՝ ամրապնդվեցին Էրդողանի դիրքերը ոչ միայն Թուրքիայի ներսում, այլ նաև միջազգային քաղաքական հարթակում։

 

Նույն գյուլենականներն օրինակ այլևս դադարել են գործոն կամ խաղաքարտ լինելուց ԱՄՆ-ի ձեռքում, միևնույն ժամանակ Էրդողանը չի դադարել Արևմուտքի մերձավորարևելյան ծրագրերում առանցքային դերակատար լինելուց, ինչն էլ իր հերթին ենթադրում է, որ նախկինում Թուրքիային այս կամ այն քայլը պարտադրելու Արևմուտքի լծակների նվազման պայմաններում գերտերությունները ստիպված են գոնե կարճաժամկետ հեռանկարում այս երկրի ղեկավարության հետ խոսել սիրաշահության լեզվով, ինչն արդեն իսկ պարզ դրսևորվեց G20-ի գագաթաժողովի ընթացքում։ Սրան զուգընթաց, Թուրքիան երկիր է, որը մշտապես շահել է իր աշխարհաքաղաքակն երկակի խաղերի արդյունքում, իսկ ռուս-թուրքական մերձեցումը հերթական ազդանշանն էր Արևմուտքին, որի հետ վերջին շրջանում հարաբերությունները բավականին սառն էին։

 

Այս երկակի խաղի շնորհիվ Թուրքիան կարողացավ կորզել և Արևմուտքի, և ՌԴ-ի աջակցությունը Սիրիայում ռազմական գործողություն նախաձեռնելու ընթացքում։ Արևմուտքից և ՌԴ-ից Թուրքիայի առջև վառված այս կանաչ լույսը, կարծես այս երկրի Սիրական հակամարտության նախորդ փուլերում ձախողումերի փարատելու հնարավորություն է։

 


Հ.Գ. Եթե նախկինում մեր փորձագիտական օղակները ոգևորեվել էին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձով և հույսեր էին փայփայում, որ սա կտանի այս երկիրը դեպի ներքին անկայություն և նրա ռազմական ուժի թուլացում, ինչպես նաև սա որոշ ժամանակով կստիպի Թուրքիային չեղյալ համարել իր տարածաշրջանային ծրագրերը, այդ թվում և դերակատարությունը Արցախյան հիմնախնդրում, ապա հիմա պարզ երևում է, որ այս հույսերն ուղղակի անտեղին էին։ Իսկ Թուրքիայի փոքր եղբայր Ադրբեջանը, որի շփման գծում պահպանած հարաբերական հանգստությունը այս կամ այն չափ պայմանավորված էր Թուրքիայում ներքաղաքական անկայունությամբ, կարող է ոգևորվել մեծ եղբոր աշխարհաքաղաքական հաջողություններով...
Հ.Գ. Այս պահին եթե, որևէ երկիր կա որի համար տարածաշրջանային իրադրությունը չափազանց անբարենպաստ է, ապա դա Հայաստանն է։

 

Կարեն Համբարձումյան