Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ռուսաստանի կողմից վերջին ամիսներին նախաձեռնված քառակողմ աշխարհաքաղաքական առևտուրը (Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան և Իրան), որն ընթանում էր առանց Հայաստանի մասնակցության, դատապարտված է տապալման, եթե չի լուծվում այս 4 պետությունների համար կենսական նշանակություն ունեցող խնդիրը' Հարավային կովկասում խախաղության և կայունության հաստատումը, այլ կերպ ասած Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Այս խնդիրը կարևոր է նաև այն պատճառով, որ հակամարտության արդյունքում արգելափակված են տարածաշրջանի հիմնական տրանսպորտային հանգույցները, իսկ նորերի կառուցման համար ներդրումները ռիսկային են համարվում' ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման և ամբողջ տարածաշրջանի ապակայունացման պատճառով:
Սա նշանակում է, որ ռուս-թուրքական և ռուս-իրանական ռազմավարական գործընկերության հաստատմանն ուղղված բանակացությունների հիմքում դրված է ԼՂ հարցի խաղաղ կարգավորումը, իսկ կարգավորման բանալին, ինչպես ժամանակին ասել է դասականը, գտնվում է Ռուսաստանի գրպանում:
Գործընթացների տրամաբանությունը հուշում է, որ Ռուսաստանը կարողացել է ԵԱՀԿ Մինսկի խմբից ստանալ ԼՂ հակամարտության ԽԱՂԱՂ կարգավորման մանդատ, ինչը նշանակում է, որ պատերազմի միջոցով իրեն ցանկալի արդյունք ստանալու հնարավորություն Ռուսաստանը չունի: Այդ մասին է վկայում նաև Զախարովային հայտնի հայտարարությունը' ԱՄՆ-ի կողմից ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը ամբողջությամբ Ռուսաստանին չվստահելու մասին:
Ի՞նչ է ստացվում Ռուսաստանի, և անձամբ Նախագահ Պուտինի համար, ԼՂ հակամարտության կարգավորումը դարձել է միջազգային հեղինակության և վարկանիշի խնդիր, ինչպես իր պոտենցիալ գործընկերներ Թուրքիայի և Իրանի, այնպես էլ Մինսկի խմբի մյուս համանախագահների առջև: Եթե Ռուսաստանին չի հաջողվում Հայաստանին ստիպել գնալ զիջումների, ապա չի լուծվում տարածաշրջանային նոր քաղաքական և տնտեսական ֆորմացիայի ձևավորման հարցը և Ռուսաստանը կորցնում է տարածաշրջանի կուրատորի իր, առայժմ միջազգայինորեն ճանաչված կարգավիճակը: Իսկ Հայաստանի վրա ճնշելու ռեսուրսը խիստ սահմանափակ է զուտ այն պատճառով, որ ճնշման աստիճանը բարձրացնելու պարագայում Ռուսաստանը կարող է կորցնել տարածաշրջանում իր միակ և նվիրված դաշնակցին' Հայաստանին և հայ ժողովրդին: