Մեր իրականության մեջ, ցավոք, երբեմն հայրենասիրության սահմաններն սկսվում ու ավարտվում են պաթետիկ հայտարարություններով ու բաժակաճառերով: Ու որպես կանոն, ավելի քիչ խոսում են նրանք, ովքեր ուղղակի գործ են անում՝ իրենց հնարավորությունների սահմաններում: Այդպիսի մարդկանցից է գործարար Արամայիս Բոզոյանը: Իմացանք, որ Արցախին 200 հազար դոլար է նվիրաբերել: Առանց աղմուկի, առանց ավելորդությունների, ուղղակի մարդն իր սրտի ցանկությամբ իր նվիրատվությունն է արել Արցախ աշխարհին:
Արամայիսը հաջողակ գործարար է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն ամուր կառչած է իր հող ու ջրին, իր հայրենի եզերքին՝ Տաշիրին… Նվիրումն արհեստական չի լինում: Այն կա կամ չկա: Բարձրագոչ խոսքերից շատ ավելի լսելի լռությամբ Արամայիս Բոզոյանը պարբերաբար աջակցում է ոչ միայն Մեծավանին, ուր ծնվել է, Տաշիրի տարածաշրջանին, այլև Հայաստանին ընդհանրապես ու նաև Արցախին: Հիմա մեծ ծրագիր է կյանքի կոչում՝ Տաշիրի տարածաշրջանի 6-7 համայնքներում, ավելի քան 1400 հեկտար խոպան հողերի վրա: Շոշափելի ներդրումներ իրականացնելով՝ ձեռք է բերել գերժամանակակից տեխնիկա, մելիորացրել այդ հողերը, սկսել մշակման աշխատանքները: Զուտ գործարարության տեսակետից օգուտների մասին խոսելն առայժմ անիմաստ է, սակայն միայն այն, որ այդքան խոպան հողեր անմշակ չեն մնա, արդեն իսկ չափազանց կարևոր է: Դրան գումարենք նշյալ համայնքերի բյուջե մտնող հարկերը, ինչպես նաև 200-ից ավելի աշխատատեղերը, որ ցանկացած ոչ երևանյան տարածաշրջանի համար զգալի թիվ է, պատկերն առավել ամբողջական կդառնա:
Երբ մարդն ուրախ է իր երկրի, իր արմատների, իր ժողովրդի համար մի լավ գործ անելով, երբ մարդն ուղղակի ուզում է իր նպաստը բերել թեկուզ մեկ համայնքի զարգացման, թեկուզ տասը մարդու բարեկեցության գործին, մեր կարծիքով՝ հայրենասիրության սահմանները հենց այստեղ են: Ու չգնահատել, երևի թե, չի կարելի: Յուրաքանչյուր տարածաշրջանում մի քանի այսպիսի տղաներ ունենանք, մեր խնդիրներն անհամեմատ քիչ կլինեն:
Արտակ Ճաղարյան
ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար