Հայաստանի հունհռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանը անդրադարձել է Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Միհրան Հարությունյանի ելույթներին և ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.

 

«Միհրան Հարությունյանին գիտեի դեռևս Ռուսաստանի թիմի կազմում հադնես գալու ժամանակներից: Միշտ հետևել եմ նրան և նրա մեջ տեսել հրաշալի մարզիկիմ իսկ վերջին 3 տարիներին ավելի հաճախ եմ շփվում նրա հետ, և կարող եմ ասել, որ նա ոչ միայն հիանալի մարզիկ է, այլև՝ հրաշալի մարդ: Այդպիսիները քիչ են:

 

Գիտեմ նրա ընտանիքին և գիտեմ, թե ինչ ապրումների մեջ են նրանք հիմա: 3 տարի ես եղել եմ նրա անձնական մարզիչը Հայաստանում, 2009-ից նրա անձնական մարզիչն է Ռուբեն Թաթուլյանը և առաջին մարզիչն է Արամ Սարկիսյանը: Բաքվում տեղի ունեցած Եվրոպական խաղերից և Լաս Վեգասի աշխարհի առաջնությունից հետո, երբ նրա հանդեպ սարսափելի վարվեցին, չէինք կարողանում նայել նրա աչքերին, քանի որ ոչինչով չկարողացանք իրեն օգնել: Նա սակայն, ուներ այնպիսի կամքի ուժ, որ ինձ ասաց. «Խոստանում եմ, որ կհաղթեմ Օլիմպիական խաղերում և կպատրաստվեմ 100 տոկոսով»: Նա կատարեց իր խոստումը:

 

Օլիմպիական խաղերի վիճակահանության արդյունքում Միհրանի մրցակիցներից աշխարհի չեմպիոն չէր միայն եգիպտացին, որն Ասիայի առաջնության մրցանակակիր էր, ինչը վակայում է այն մասին, որ նա նույնպես թույլ մրցակից չէր, իսկ մյուսներն աշխարհի ու օլիմպիական չեմպիոններ էին, Օլիմպիական խաղերի մեդալակիրներ: Անկեղծ ասած, մարզիչներն այնքան է ուրախ չէին, սակայն երբ մրցումներից առաջ մտա Միհրանի սենյակ, նա ասաց. «տարբերություն չկա, թե ով է իմ ենթախմբում և ում պետք է հաղթեմ: Այսօր մեր օրն է, և երբ ուրս գամ գորգ, իմ մեջ կարթնանա Ալեքսանդր Մակեդոնացին»:

 

Ցանկացած գոտեմարտի նա առավելագույնն էր տրամադրվում և յուրաքանչյուր 20 րոպեն մեկ դուրս էր գալիս գորգ: Հաղթեց աշխարհի չեմպիոնին, կորեացուն ու ադրբեջանցուն: Գոտեմարտերից հետո ես և մերսող Թելման Սարգսյանը վերականգնում էինք նրան, մինչև գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը եկավ ու ասաց, որ գոտեմարտին մնում է մի քանի րոպե:

 

Եզրափակիչին դուրս եկանք նույն տրամադրվածությամբ: Մենք Միհրանին զգուշացրինք, որ մրցակիցը Սերբիայի ներկայացուցիչ է՝ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավար Նենադ Լալովիչի հայրենակիցը: Միհրանը հստակորեն կատարեց մեր բոլոր ցուցումները: Նա ակտիվ էր ամբողջ գոտեմարտի ժամանակ' ոչ մի շանս չտալով մրցակցին և նույնիսկ մրցավարներին: Մրցակցին, սակայն, ոչ մի անգամ պարտեր չնստեցրեին և Միհրանին թույլ չտվեցին ցուցադրել իր հնարավորությունները՝ 2 անգամ տալով զգուշացում, իսկ մրցակցին էլ մեկ միավոր տվեցին: Ես վստահ էի, որ եթե սերբ ըմբիշին պարտեր նստեցնեին, գոտեմարտը կավարտվեր 8:0 հաշվով՝ հօգուտ Միհրան Հարությունյանի:

 

Մեդալը գողացան ոչ միայն Միհրան Հարությունյանից, այլև մեր երկրից, ժողովրդից, նրա ընտանիքից և անձամբ ինձանից՝ օլիմպիական չեմպիոնի մարզիչից: Մենք բողոքարկեցինք, սակայն փոխարենը ստացանք 3 դեղին քարտ:

 

Այնուամենայնիվ, ես ու ամբողջ աշխարհն օլիմպիական չեմպիոն համարում ենք հենց Միհրան Հարությունյանին: Այդ պատճառով մեր երկրին շնորհավորում եմ 2 օլիմպիական չեմպիոն՝ Միհրան Հարությունյան և Արթուր Ալեքսանյան ունենալու կապակցությամբ»: