Խորհրդային միության փլուզումից հետո Ուկրաինան ուներ բոլոր հնարավորությունները վերածվելու տարածաշրջանային հզոր միավորի, քանզի Ռուսաստանից հետո նախկին խորհրդային հանրապետությունների շարքում այն երկրորդն էր հզորությամբ, բնական ռոսուրսներով և արդյունաբերությամբ, ուներ բավականին մարտունակ բանակ և նավատորմ:
Բայց երկիրն ընթացավ բոլորովին այլ ճանապարհով: Ունենալով էթնոքաղաքական լրջագույն խնդիրներ իշխանություններն այսքան տարիների ընթացքում ոչինչ չարեցին կենտրոնացված պետական համակարգ ստեղծելու և տարաբնույթ մշակութային միավորների համար համակեցական կայուն միջավայր ձևավորելու ուղղությամբ: Ընդհակառակը, բարձրագույն ղեկավարությունը ընթացավ պետական միջոցները մսխելու և օլիգարխիկ համակարգ ձևավորելու ճանապարհով: Արդյունքում պետությունը կախվածության մեջ հայտնվեց արտաքին տարբեր ուժերից, երկրի արևելյան և արևմտյան հատվածների միջև անդունդը էլ ավելի խորացավ և որպես վերջնական արդյունք այս ներքին խնդիրները պատճառ դարձան, որ պետությունը չկարողացավ որևէ կերպ դիմադրել արտաքին մարտահրավերներին:
2014 թ. փետրվարին մայդանի արդյունքում իշխանության եկած ուժերը հետևողականորեն փորձում են հարթել վերոհիշյալ խնդիրները, բայց կան բազմաթիվ խնդիրներ, որոնցից ամենակնճռոտը թերևս Ռուսաստանի հետ բաց հակամարտությունն է, որի տարիներ, նույնիսկ տասնամյակներ շարունակվելու հեռանկարները պարզ նշմարվում են:
Կարպիս Փաշոյան