Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը «Սասնա ծռերի» աջակիցների հավաքների ժամանակ բռնություն գործադրած, վատով աչքի ընկած իշխանության ներկայացուցիչների սեւ ցուցակ է կազմում, որոնց համար առաջիկայում շատ դժվար է լինելու ԱՄՆ մուտքի վիզա ստանալը: Հատկապես դեպքերի թեժ օրերին աչքի ընկած ոստիկանները եւ այլ պաշտոնյաներ են ընդգրկվել։ Անգամ ոմանց ֆեյսբուքյան ստատուսներն են դեր խաղացել։ Ասում են անգամ, որ ցուցակը փոխանցելու են նաեւ մյուս դեսպանատներին՝ շենգենյան վիզա չտրամադրելու համար: Ի դեպ, Երեւանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին ուշի ուշով հետեւել են արտասահմանյան հեղինակավոր կազմակերպությունները:

 

Ու եթե ՀՀ իշխանությունները լուրջ չեն ընդունում նման «դիվանագիտական» հայտարարությունները, դրսի պաշտոնյաների հետ շփվող իշխանական մեր աղբյուրը պնդում է, որ հետեւանքները երկար սպասեցնել չեն տա․ «Տեղեկություններ կան, որ ոստիկանների գործողությունների պատճառով միջազգային մի շարք կազմակերպություններ հրաժարվելու են ոստիկանությանը ֆինանսական օգնություն տրամադրող ծրագրերից»:

 

Հավելենք, որ վերջին իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ դեսպանատունն իր հայտարարություններից մեկում նշել է, որ ոստիկանության վատ վերաբերմունքի հետ կապված հետաքննությունների միջոցով ձեռք բերված տեղեկատվությունը, ինչպես նաեւ արժանահավատ անկախ հաղորդումները կօգտագործվեն դեսպանատան ծրագրերում ու միջոցառումներում մասնակցության մասով որոշումներ ընդունելիս: