Դատելով Պուտինի Ադրբեջան կատարած այցելության նախօրեին տված հարցազրույցի ԼՂ հակամարտությանը վերաբերվող հատվածում արված ձևակերպումներից, ռուս-թուրք-ադրբեջանական մեծ առևտուրը պետք է ընթանա երեք փուլով՝ երեքն էլ Հայաստանի ու Արցախի շահերի հաշվին։
Առաջին փուլում Ռուսաստանը կհարկադրի Հայաստանին դուրս բերել զորքերը հինգ շրջաններից, երկրորդ փուլում աճուրդի կդրվեն Լաչինն ու Քելբաջարը, իսկ երրորդում՝ Լեռնային Ղարաբաղը։


Առևտրի ընթացքը կախված կլինի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից իրենց պարտավորությունների կատարման ընթացքից, այլ խոսքերով ասած, եթե իրանց խելոք պահեն։ Իսկ խելոք պահելը խիստ կասկածելի է, հաշվի առնելով Էրդողանի էքսցենտրիկ ու անկանխատեսելի բնավորությունն ու Թուրքական դիվանագիտության դարերով արմատացած «գցելու» ավանդույթները։ Այս փուլում Թուրքիան պետք է «գցի» ԱՄՆ-ին ու Եվրոպային՝ մտցնելով մահապատիժն ու հրաժարվելով ժողովրդավարության հիմնարար ինստուտներից։ Որպես դրա հետևանք Թուրքիաին կհեռացնեն Եվրոպայի խորհրդից, իսկ երկարաժամկետ հեռանկարում նաև ՆԱՏՕ-ից՝ եթե իհարկե Թուրքիան ԱՄՆ-ից չստանա սյնպիսի առաջարկություն, ինչից այն չի կարող հրաժարվել։ Այդ դեպքում Թուրքիան արդեն «կգցի» Ռուսաստանին, ինչը ռուսները շատ լավ հասկանում են և չեն շտապում բավարարել Թուրքիայի բոլոր պահանջները։


Ադրբեջանն այստեղ որպես ինքնուրույն խաղացող հանդես չի գալիս, այլ սոսկ հայտնվել է ռուս-թուրքական մերձեցման հիմնական շահառուի կարգավիճակում։


Թերևս դրանով է պայմանավորված Պուտինի կողմից Լաչինի ու Քելբաջարի վերաբերյալ լռությունն ու դրանք ԼՂ-ի «առավել ամուր կարգավիճակի» հետ փոխկապակցումը։


Իսկ «հաղթողներ և պարտվողներ չեն լինելու» թեզը շրջանառության մեջ է դրված հայկական լսարանի համար՝ ցույց տալով որ ձեր «մեծ ախպերը» ձեր մասին չի մոռացել։ Այս ծրագրում մենք արդեն պարտված ենք, քանի որ ստիպված ենք լինելու զիջել արյունով գրաված 5 շրջանները՝ հանուն Ռուսաստանի մեծ տարածաշրջանային ծրագրերի ու հեռահար կայսերապաշտական նկրտումների։
Ինչպես ասում էր դասականը՝ թքած Հայաստանի վրա

 

Արթուր Ղազինյան