Հրամանատարը խոսք էր տվել, որ հենց տղերքը դիրքերից իջնեն անպայման արձակուրդ են գնալու: Երկու օր էր մնացել հերթափոխին, երկու երկար ու ձիգ օրեր, որոնք ոչ մի կերպ չէին անցնում... Գիշերվա ժամը մեկի կողմերն էր, տղաներն իրար ձայն տվեցին, նորմալ էր ամեն բան, ամեն օրվա պես աչքները չորս արած, ուշադրությունները լարած հսկում էին Հայրենի սահմանը, միայն Նկարիչն էր, որ բլինդաժում զբաղված էր սրբապատկերներ նկարելով սպիտակ կտորի վրա: Տղերքը խնդրել էին, որ Նկարիչը իրենց մայրիկների համար մի մի սրբապատկեր նկարի, որ արձակուրդ գնալիս տանեն իրենց սուրբ մայրերին՝ որպես նվեր... Հանկարծ դիրքերից ոչ հեռու ռումբ պայթեց... Սա ի՞նչ էր, շրջապատը կորավ ծխի ու հողի փոշու մեջ... Նկարիչը վայր գցեց ձեռքի կտորներն ու ... Երկրորդ ռումբը պայթեց արդեն բլինդաժին շատ մոտ... Մարտը սկսվեց, թշնամին շարունակում էր արդեն թիրախավորել ու հարվածել թիկունքին... Տղերքն անցան ինքնապաշտպանության, բայց ումից պաշտպանվեին, երբ հեռահար կրակով էին տղերքին խփում, պետք է սպասել, քանի որ անիմաստ է կրակել... Հրամանատարը հրաման տվեց կրակը դադարեցնել, դիրքավորվել և սպասել... Արդեն պարզ էր, որ հեռահար կրակից հետո կլինի կենդանի ուժի հարձակում, պետք է դիմակայել հենց կենդանի ուժին: Շրջապատը մթության մեջ է, այլևս հեռահար կրակը դադարեցվել է, վարկյան առ վարկյան սպասում են թշնամու կենդանի ուժին... Ահա և նրանք, տղերքը ,,դիմավորեցին,, անկոչ հյուրերին անակնկալ կրակով: Թշնամին մտածում էր, որ իր հեռահար կրակը դիպուկ է եղել և խրամատներում այլևս ողջ զինվոր չի մնացել... Մերձամարտը տևեց տասից տասնհինգ րոպե, թշնամին ստիպված եղավ նահանջել, բայց մերոնք չէին դադարում տարածքը կրակի տակ պահել...Դիրքի պատասխանատու հրամանատարը հայտնեց, որ հարձակումը սահմանի ողջ երկայնքով է, որ պետք է դիմակայեն, մինչև խորը թիկունքից օգնության կհասնեն, իսկ դա արդեն ժամերի հարց է...Երկրորդ հարձակումն էր արդեն, սա ավելի հուժկու էր քան առաջինը, տղաները ֆիզիկապես ի վիճակի չէին կրակելու, քանի որ թշնամու սուրացող փամփուշտները պարզապես անթիվ ու անհամար էին... Լուսացավ, դիրքում շարժ չկար, խրամատում այս ու այն կողմ միայն տղերքի անշնչացած մարմիներն էին ընկած... Մի ձայն լսվեց.
-Ես ձեր մաման...
Նկարիչի ձայնն էր, ով խելագարի պես սկսեց գոռգռալ, ում վիրավոր գլխին կապած էր հենց այն կիսատ մնացած սրբապատկերով սպիտակ կտորը, որի վրա նա գիշերը բլինդաժում աշխատում էր ... Նա չգիտեր, որ դիրքը մի քանի րոպեով անցել է թշնամու ձեռքը, քանի որ նա գիտակցությունը կորցրած է եղել այդ ողջ ընթացքում... Տղերքին հուղարկավորեցին փառքով, գովեստի խոսքեր ասեցին , չխնայեցին ոչ մի բառ, ոչ մի խոսք... Այսօր այդ տղերքի գերեզմաներին փարվում են իրենց մայրերը, որոնց որդիներն այդպես էլ մնացին կիսատ սրբապատկերներ...Այսօր այդ դիրքերում հերթապահում են այդ հերոս տղերքին արժանի հերթափոխի տղերք...
Կարեն Հովհաննիսյան